Եմենի ռազմական հրամանատարը զոհվել է, ևս մեկը վիրավորվել է հութիների հարձակման հետևանքով
Եմենի կառավարական զորքերի հրամանատարը զոհվել է, ևս մեկը վիրավորվել է հութիների հետ հանգստյան օրերին բախումների ժամանակ:
Գնդապետ Շադի ալ Մեջզին՝ 63-րդ բրիգադի առաջին գումարտակի հրամանատարը, մահացու վիրավորվել է կիրակի առավոտյան Սաադա նահանգի Բաքում շրջանում Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինների հարձակման ժամանակ, «Arab News»-ին ասել է Սաադայի նահանգապետ Հադի Թարշանը:
Հարձակումները Սաադայի վիճելի շրջաններում, այդ թվում՝ Ռեզահում, Բաքումում, Քեթաֆում, Ալ-Բուքայում և Մարանում, շարունակվել են՝ չնայած ՄԱԿ-ի միջնորդությամբ հաստատված զինադադարին, քանի որ հութիների ուժերը փորձում էին դուրս մղել կառավարական զինվորներին իրենց կենտրոնից:
«Հութի աշխարհազորը խախտում է զինադադարը գրեթե ամեն օր, և բախումները պարբերաբար շարունակվում են»,- ասել է Թարշանը՝ հավելելով, որ Եմենի կառավարությունը և արաբական կոալիցիան հավատարիմ են հրադադարի պահպանմանը:
Երկրորդ ռազմական հրամանատարը վիրավորվել է շաբաթ գիշերը՝ կենտրոնական Մարիբ նահանգում կառավարական ուժերի վրա հութիների հարձակման ժամանակ: Իսկ 13-րդ հետևակային բրիգադի հրամանատար, գեներալ Աքրամ ալ-Ադեմին վիրավորվել է Մարիբ քաղաքից հարավ գտնվող Ալ-Բելաք Ալ-Շարքի լեռան վրա ծանր մարտերի ժամանակ: Ալ-Ադեմին տեղափոխվել է Մարիբի հիվանդանոց այն բանից հետո, երբ նրա զինվորները հաջողությամբ հետ են մղել հութիներին, հայտնել է տեղացիներից մեկը:
Ալ-Բելաք Ալ-Շարքին ամենամոտ ակտիվ մարտադաշտն է Մարիբ քաղաքին, որը դարձել է հութիների զանգվածային ռազմական հարձակման թիրախ, որը սկսվել է 2021 թվականի սկզբին: Չնայած ապրիլի 2-ին ՄԱԿ-ի միջնորդությամբ հաստատված զինադադարի համաձայն իրենց հարձակումը դադարեցնելուն՝ հութիները շարունակել են հարձակումները, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ առաջխաղացումներ կատարել դեպի քաղաք:
Հութիների հարձակման սկզբից ի վեր հազարավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ են սպանվել Մարիբում, որտեղ բնակվում է ավելի քան 2 միլիոն տեղահանված մարդ:
Միևնույն ժամանակ, Եմենի տեղեկատվության նախարար Մուամար ալ-Էրիանին մեղադրել է հութիներին Սանա քաղաքի Ասեր և Ալ-Ռաուդա շրջաններում ու Սանա նահանգի Համադան և Բանի Մաթար շրջաններում ունեցվածքը զավթելու մեջ:
ՄԱԿ-ի փորձագետների խմբի վերջին զեկույցի համաձայն՝ հութիները միլիարդավոր եմենական ռիալներ են վաստակել՝ բռնագրավելով և վաճառելով եմենցիներին պատկանող գույքն ու հողերն արևմտյան Հոդեյդա նահանգում և երկրի այլ հատվածներում: Այդ պատճառով հարյուրավոր տեղացիներ կորցրել են իրենց տներն ու ապրուստի միջոցները:
Add new comment