Իրանը որևէ զիջում չի կատարի սահմանների անվտանգության հարցում. Քանաանի
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանը երբեք որևէ զիջում չի կատարի սահմանների անվտանգության հարցում։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Քանաանին իր խոսքում անդրադարձել է նաև Թեհրանի և Բաղդադի միջև սահմանային հարցերի շուրջ ընթացող տեխնիկական և անվտանգության բանակցություններին։ Նրա խոսքով՝ Իրանի սկզբունքային քաղաքականությունն է աջակցել Իրաքի միասնությանն ու ամբողջականությանը։
«Իրաքի տարածքային ամբողջականությունը և այս երկրի ինքնիշխանությունը հարգելը լուրջ սկզբունք է, որը մենք միշտ հաշվի ենք առել»,- ասել է նա։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Թեհրանի և Բաղդադի հարաբերությունները բարեկամական են և եղբայրական։ Նրա խոսքով՝ Իրանն Իրաքից պահանջում է, որ այդ երկրի տարածքից որևէ բան չսպառնա Իրանի ազգային անվտանգությանը և սահմաններին։
«Երբ խոսքը վերաբերում է իր անվտանգությունը պաշտպանելուն, սահմանների պաշտպանությանը և քաղաքացիներին աջակցելուն, Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ մեկի հետ փոխզիջման չի գնում և չի հանդուրժում իր անվտանգությունը խաթարողներին»,- եզրափակել է նա:
Add new comment