գոռ Գևորգյան

ՀՀ-ն նոր գրվող դասագիրք չէ, որտեղ կարելի է ջնջել պատմական իրողությունների էջերը, նորից շարադրել այն

ԱԺ նախկին պատգամավոր, արևելագետ Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ 

«Հայաստանը այլևս չունի քաղաքական սևագրեր անելու ժամանակ, չունի նաև «քաղաքական տարեկետման» հնարավորություն։ Ավելին, Հայաստանը նոր գրվող դասագիրք չէ, որտեղ կարելի է ջնջել պատմական իրողությունների էջեր և «նորից փորձել» շարադրել` հակադրելով փաստացի Հայաստանը «իրական Հայաստանին»: Սխալներ թույլ տված այն պետությունն ունի վերականգնվելու շանս, որն ունի ժամանակ և ռեսուրսներ եղածը շտկելու համար: Հայաստանը սխալվելու իրավունք այլևս չունի, քանի որ վերջին տարիների միակ մեր ռեսուրսը ժամանակն էր և դիվանագիտական ճիշտ աշխատանքը, սակայն առաջինը սպառվել է, իսկ երկրորդը ձախողվել: Ստեղծված մարտահրավերների առջև Հայաստանը չունի նաև ժամանակավոր կամ միջանկյալ դիրքավորման տարբերակներ: Այս հանգամանքը շատ լավ հասկանում է Ադրբեջանը, որը որև է կերպ չի փոխում Հայաստանի հանդեպ իր ծավալապաշտական հռետորաբանությունը և ոչ միայն:  

Բաքվում հայ պատանդառուների նկատմամբ իրականցվող կտտանքներն ու բռնաճնշումները` Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքների մաս են և դեռ մի բան էլ ավելին: Հետևաբար, քաղաքական սնանկություն է չտեսնել և կամ չհասկանալ այդ ամենը:  

44-օրյա պատերազմից հետո ոչ միայն հայաթափվեց և կորսվեց Արցախը, այլև Հայաստանը հայտնվեց աշխարհաքաղաքական «անվտանգության լողացող կուրսի» վրա՝ փաստացի մխրճվելով ազատ անկման ռեժիմի մեջ, որը սպառնում է ինքնիշխանության վերջնական խեղմամբ և պետականության հավանական կորստով: Այս ամենը կարձանագրի փաստացի Հայաստանի պարտությունը «իրական Հայաստանի» առջև։ Լավ կլիներ, եթե սխալվեի։ Բայց փաստերը շատ ավելի համառ են, քան մեր տաղանդաշատ պրոպագանդիստները։

Արձանագրենք մի իրողություն ևս. միջազգային հարաբերություններում Հայաստանը դադարել է լինել շահաձիգ պետություն, սակայն առկա ներքին խնդիրների հիմնական հասցեատերերը դեռ հայ ժողովուրդն է և նրա քաղաքական էլիտան, բայց այդ ժամանակն էլ կարող է ավարտվել։ Այս առումով, օրվա հրամայականն է շարունակում մնալ պառակտված և անտարբեր հանրության կոնսոլիդացիան, պատրանքներից զերծ գիտելիքահեն արտաքին քաղաքականությունը, սփյուքի ակտիվը և էլի ու էլի մի փաթեթ ասելիներ ու անելիք:

Խաղաղությունը մնում է պատրանք, իսկ սևագիր անելու ժամանակ չկա»։

Add new comment