Իրանի և Արևմտյան Աֆրիկայի երկրների միջև կգործարկվի կանոնավոր ծովային գիծ
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը հայտարարել է, որ Իրանի և Արևմտյան Աֆրիկայի երկրների միջև կգործարկվի կանոնավոր ծովային գիծ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Ամինը հայտնել է, որ Իրանը և Արևմտյան Աֆրիկայի երկրները 850 միլիոն դոլարի պայմանագրեր, ինչպես նաև 1 միլիարդ դոլար արժողությամբ հուշագրեր կստորագրեն։
Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ Արևմտյան Աֆրիկայի երկրները հանքերում լավ կարողություններ և հնարավորություններ ունեն, իսկ իրանական ընկերությունները մեծ հմտություններ են ցուցաբերում հանքարդյունաբերության ոլորտում։ Նրա խոսքով՝ կողմերը կարող են ընդլայնել իրենց տնտեսական և առևտրային հարաբերությունները։
Անդրադառնալով աֆրիկյան երկրների հետ Իրանի ապրանքաշրջանառության նկատելի աճին՝ իրանցի նախարարը նշել է, որ այս տարի Իրանի արտահանումը դեպի Արևմտյան Աֆրիկա կրկնապատկվել է։
Նա հավելել է, որ Իրանի և աֆրիկյան այս երկրների միջև պետք է համագործակցության պայմանագրեր կնքվեն տարբեր ոլորտներում։
Add new comment