
Սիրիայի քրդերը համաձայնագիր են ստորագրել՝ դառնալով Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի մաս
Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը համաձայնագիր են ստորագրել՝ միանալու Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաայի՝ անցումային շրջանի գրասենյակը Telegram-ի իր ալիքում։
Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Ալ Շարաայի և «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի հրամանատար Մազլում Աբդիի հանդիպման ժամանակ։ Ըստ համաձայնագրի, որի տեքստը հրապարակել է Սիրիայի ղեկավարի գրասենյակը, «բոլոր քաղաքացիական և ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Սիրիայի հյուսիս-արևելքում, ինտեգրվելու են նոր իշխանությունների գլխավորած կառավարման համակարգին»։ Խոսքը, մասնավորապես, քրդական տարածքների բոլոր անցակետերի, ինչպես նաև այնտեղ գտնվող օդանավակայանի, գազի ու նավթի հանքավայրերի մասին է։
Բացի այդ, Դամասկոսի և «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի միջև համաձայնագիրը նախատեսում է հրադադար ամբողջ Սիրիայում և քուրդ բնակչությանը երաշխավորում է սահմանադրությամբ նախատեսված բոլոր իրավունքները, ներառյալ քաղաքացիության իրավունքը: Քրդերը, իրենց հերթին, խոստանում են աջակցել սիրիական նոր իշխանություններին՝ նախկին նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և Սիրիայի անվտանգությանն ու միասնությանը սպառնացող այլ տարրերի դեմ նրանց պայքարին:
Համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի մինչև այս տարվա վերջ։
Add new comment