Submitted by detq-editor on
Հատուկջոկատայինները երկրորդ գիշերն անընդմեջ ցրել են Թբիլիսիում բողոքի ցույցը

Հատուկջոկատայինները երկրորդ գիշերն անընդմեջ ցրել են Թբիլիսիում բողոքի ցույցը

Չորեքշաբթի Թբիլիսիում տեղի ունեցած լայնածավալ բողոքի ակցիան հերթական անգամ ցրվել է հատուկ տեխնիկայի, արցունքաբեր գազի և ծխային ռումբերի կիրառմամբ։ Այս մասին հայտնում է «Новости-Грузия»-ն։

Չնայած երեքշաբթի տեղի ունեցած բողոքի ցույցը ևս ցրվել էր, երկրորդ ակցիայի համար հավաքվել էր ավելի շատ մարդ․ դրանք նախորդ օրն առաջին ընթերցմամբ հաստատված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին ընդդեմ մարդիկ էին։

Հավաքվածների թվում էին Կանանց երթի մասնակիցները, որոնք երթ էին կազմակերպել Առաջին հանրապետության հրապարակից։ Ուսանողները նույնպես առանձին շարասյունով մասնակցում էին «Ոչ ռուսական օրենքին» կարգախոսով։ Այստեղ էին հավաքվել ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցներ և շարքային քաղաքացիներ, որոնք կարծում են, որ օրենքի ընդունումը Վրաստանը կտանի ռուսական բռնաճնշումների ճանապարհով։

Մի քանի ժամ շարունակ բազմահազարանոց ակցիան անցել է համեմատաբար հանգիստ։ Իրավիճակն արագորեն սրվել է կեսգիշերից մեկ ժամ առաջ՝ ցուցարարների մի մասը սկսել է շրջապատել խորհրդարանի շենքը։ Առանձին խմբեր սկսել են կոտրել ապակիները և թուլացնել ցանկապատերը։

Այնուհետև իրադարձությունները զարգացել են երեքշաբթի օրվա սցենարով։ Ջրցան մեքենաներով հատուկջոկատայինները սկսել են իջնել խորհրդարանի շենքի երկայնքով և միաժամանակ Ազատության հրապարակից անցել Ռուսթավելի պողոտայով։

Ականատեսները հայտնում են ցուցարարների շրջանում մեծ թվով զոհերի մասին՝ գազից, ծխից և խուճապի մեջ հրմշտոցից։ Միևնույն ժամանակ, սկսվել են ձերբակալություններ. միայն առնվազն տասը դեպք է տեսագրվել:

Հիշեցնենք, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը խորհրդարան է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդի ուժ» շարժումը: Դրա համաձայն՝ առաջարկվում է ստեղծել ռեեստր այն հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և սուբյեկտների համար, որոնք ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը ստանում են արտերկրից:

Իշխող «Վրացական երազանքը» աջակցում է նախագծին: Կուսակցության գործադիր քարտուղարը հայտնել է, որ օրինագիծը խորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի մարտի 9-ին։ Նրա խոսքով՝ ևս մեկ թեժ շաբաթ է սպասվում:

Add new comment