
ՀՀ ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին, հայտնում է արտգործնախարարությունը։
ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, որ Երեւանի այս դիրքորոշումը Բաքվին փոխանցվել է դիվանագիտական խողովակներով։
«Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։
Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ տեքստը համաձայնեցված է, «Երևանը ընդունել է բաց մնացած վերջին երկու կետերը», բանակցություններն ավարտված են։
Add new comment