
Շվեդ պատգամավորն անհեթեթություն է որակել Բաքվի քարոզչամեքենայի պնդումը, թե Հայաստանը ծրագրում է հարձակվել Ադրբեջանի վրա
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնն անդրադարձել է ադրբեջանական Caliber.az կայքում օրերս հրապարակված հոդվածին այն մասին, թե Հայաստանն իբր ծրագրում է հարձակվել Ադրբեջանի վրա։ Հելսբորնը շեշտել է, որ նման կեղծ պնդումներ անելով՝ Ադրբեջանը փորձում է արդարացնել սեփական բռնությունները։
Շվեդիայի խորհրդարանի պատգամավորն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ Հելսբորնը նախ նկատել է, որ թեև Caliber-ն ադրբեջանական ռեժիմի պաշտոնական կայքը չէ, սակայն երկիրը բռնապետական է, և այնտեղ չկա ազատ, անկախ մամուլ: Օրինակ՝ Մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանը զբաղեցնում է 164-րդ տեղը:
Ուստի, նա նկատել է, որ այդ հրապարակումը ադրբեջանական ռեժիմի կողմից է թելադրված:
«Մեղադրանքը, իհարկե, ամբողջությամբ անհեթեթություն է։ Մինչ Բաքվի բռնապետությունը բազմիցս օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն, Երևանի՝ ժողովրդավար ճանապարհով ընտրված իշխանությունը փորձում է խաղաղության ճանապարհ գտնել: Իհարկե, ճիշտ է, որ Հայաստանն ուժեղացնում և արդիականացնում է իր բանակը, բայց դա արձագանք է Ադրբեջանի ագրեսիային»,–գրել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը՝ հավելելով, որ հայկական կողմից հակամարտություն փնտրելու ոչ մի մտադրություն չկա:
Այնուամենայնիվ, նա նկատել է, որ Ադրբեջանի ռազմական հզորություններն ավելի մեծ են, և մտածել, որ Հայաստանը կփորձի ներխուժել ռազմական առումով շատ ավելի ուժեղ Ադրբեջան, անիմաստ է:
Հելսբորնը նշել է, որ հոդվածը թիրախավորել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը, դիտորդներին մեղադրել իբր ադրբեջանական ուժերին լրտեսելու, այնուհետև այդ տեղեկատվությունը Հայաստանին փոխանցելու մեջ։ Շվեդիայի խորհրդարանի պատգամավորն այս մտքերը համարել է մաքուր դավադրության տեսություն: Նա հիշեցրել է՝ ԵՄ-ն ցանկացել է առաքելություն տեղակայել երկու կողմում՝ էսկալացիան կանխելու համար, սակայն Ադրբեջանը կտրականապես մերժել է դա:
«Հայաստանը ցանկանում է, որ աշխարհը տեսնի, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, Ադրբեջանը՝ ոչ։ Սա շատ բան է ասում այն մասին, թե ով է սպառնում խաղաղությանը»,-ընդգծել է Հելսբորնը:
Նա շեշտել է, որ խաղաղությանը սպառնալիք կա ոչ Հայաստանի կողմից։ Իսկ ադրբեջանական կողմից հնչող պնդումները, թե իբր Հայաստանը նախապատրաստվում է հարձակման, պետք է դիտարկել որպես Ադրբեջանի կողմից նման մտադրության մասին նախազգուշացում։
«Ռիսկը հետևյալն է՝ Ադրբեջանը ծրագրում է Հայաստանի կողմից բռնության կեղծ պնդումներ օգտագործել՝ արդարացնելու սեփական բռնությունը»,- նշել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը: Նա, մասնավորապես, շատ մտահոգիչ է համարել Caliber.az-ի հոդվածի վերջում արված արտահայտությունը՝ «Երևանում առկա ողջ շինարարական տեխնիկան ուղղվելու է Եռաբլուր»։
«Դժվար է այս հաղորդագրությունը մեկնաբանել որպես այլ բան, քան այն, որ նրանք պատրաստ են սպանել հազարավոր մարդկանց: Ադրբեջանը պետք է իմանա, որ Եվրոպայում ոչ ոք կուլ չի գնում նրանց կեղծ նարատիվին: Իսկ նոր զինված հակամարտություն սկսելը շատ վատ գաղափար կլինի»,- եզրափակել է Հելսբորնը։
Add new comment