Արարատ

Համաձայնագրում չկա դրույթ հայերի և ադրբեջանցիների փոխադարձ վերադարձի մասին. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում չկա դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված և այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքներ, որտեղ իրենց նախնիները ապրել են։ Այդ մասին ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանի խոսքով` տեքստում նաև չկա որևէ դրույթ, այսպես կոչված, միջանցքի, ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին։

«Ընդհանրապես, միակողմանի որևէ կարգավորում չկա տեքստի մեջ, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի Սահմանադրությունների փոփոխման մասին։ Խաղաղության համաձայնագրերը միշտ կնքվում են երկրների միջև, որոնք մինչ այդ վայրկյանն ունեցել են թշնամանք, պատերազմ, զոհեր։ Բարեկամների միջև խաղաղություն չեն կառուցում, բարեկամների հետ զարգացնում են հարաբերությունները»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` Միրզոյանը նշեվ, որ համաձայնագրի ստորագրումից հետո կարող ենք ինստիտուցիոնալ առումով համարել, որ հակամարտությունը մոտեցավ ավարտին, և այդ պահին կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։

Ըստ նրա` համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնցով մենք կարող ենք շարունակել քննարկումները դեպի հարաբերությունների կարգավորում։

Միրզոյանը հայտարարեց, որ ՀՀ-ն առաջարկում է հնարավորինս շուտափույթ մեկնարկել խորհրդակցություններ` Ադրբեջանի հետ պայմանավորվելու համաձայնագրի ստորագրման տեղի և ժամանակ ու մյուս մանրամասների շուրջ։

Add new comment