Submitted by H.Aslanyan on
Բեյրութ

Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի արվարձանին․ կան զոհեր

Իսրայելական ուժերը հարձակում են իրականացրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանի վրա՝ թիրախավորելով բնակելի շենքի վերին հարկերը։ Այս մասին հայտնել է Al Mayadeen-ը։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ագրեսիայի հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ մեկ կին, ևս 7 մարդ վիրավորվել է, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։

Լրատվամիջոցը հաղորդում է, սակայն, որ զոհերի թիվը հասել է 4-ի։

Թիրախավորված շենքի շուրջ դեռևս շարունակվում են փրկարարական աշխատանքները։ Դեպքի վայր է բերվել ծանր տեխնիկա՝ դյուրացնելու փրկարարական խմբերի աշխատանքը:

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը դատապարտել է Իսրայելի հարձակումը Բեյրութի հարավային արվարձանի վրա՝ ընդգծելով, որ դա լուրջ նախազգուշացում է երկրի դեմ ուղղված մտադրությունների վերաբերյալ։

«Իսրայելի համառությունն իր ագրեսիայի մեջ մեզնից պահանջում է ավելի մեծ ջանքեր գործադրել՝ դիմելու Լիբանանի ընկերներին և համախմբելու նրանց՝ ի պաշտպանություն մեր հողի վրա լիակատար ինքնիշխանության մեր իրավունքի», – ասել է Աունը։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ ներքին անվտանգության ծառայության (Շաբակ) ուղղորդմամբ թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող «Հեզբոլլահ»-ի անդամին։

Հայտարարության մեջ նշվել է, որ թիրախավորված անձը «վերջերս ուղղորդում էր ՀԱՄԱՍ-ին և օգնում նրանց իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ հարձակում իրականացնելու փորձերում…. և իրական ու անմիջական վտանգ էր ներկայացնում»:

Add new comment