ՌԴ-ն կապ չունի Վրաստանում բողոքի ցույցերի և օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ. Պեսկով
«Ռուսաստանը ոչ մի կապ չունի Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի, ինչպես նաև բողոքի ցույցերի հետ, որոնց պատճառ է դարձել այդ փաստաթուղթը»,- մարտի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուս պաշտոնյան այսպես է մեկնաբանել ԱՄՆ-ի հայտարարությունները, թե օրինագիծը ոգեշնչված է Կրեմլից։
«Ոչինչ Կրեմլից չի ոգեշնչվել, Կրեմլը բացարձակապես կապ չունի դրա հետ»,- հայտարարել է նա։ Նրա խոսքով՝ նման օրենքներում «ռահվիրա» է դարձել ԱՄՆ-ն։
«Նույնիսկ օրինագծի տարբերակներից մեկը (Վրաստանում ներկայացված - խմբ.), եթե ճիշտ ենք հասկանում, շատ նման էր ԱՄՆ-ի նմանատիպ օրենքին, երկրորդ տարբերակն ավելի քիչ նման էր ԱՄՆ-ի օրենքին, իր էությամբ շատ ավելի մեղմ էր։ Բայց, իհարկե, մենք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ կապ չունենք»,- վստահեցրել է Կրեմլի խոսնակը։
Նա նաև հայտարարել է, որ Վրաստանում տեղի ունեցող անկարգություններն «առաջացնում են Կրեմլի անհանգստությունը», քանի որ Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է, որ «հանգիստ լինեն» իր սահմանները։
«Վրաստանը, ամեն դեպքում, մեզ հարևան պետություն է, և չնայած այն բանին, որ մենք, որպես այդպիսին, Վրաստանի հետ հարաբերություններ չունենք, այնուամենայնիվ, այնտեղ իրադրությունը չի կարող չառաջացնել մեր անհանգստությունը: Իհարկե, մեզ համար կարևոր է, որ խաղաղություն լինի մեր սահմանների շրջագծում, սակայն այստեղ իրավիճակը կարող էր ավելի լավ լինել»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին հորդորել է զգույշ լինել երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին։
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո Թբիլիսիի կենտրոնում երկու օր շարունակ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով։
Add new comment