Submitted by detq-editor on
4

Ադրբեջանի ԱԳ նախարարի հերթական ապատեղեկատվությունը ՈՄԱ ռազամահայրենասիրական կազմակերպության վերաբերյալ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, որում Հայաստանին մեղադրել է Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը չկատարելու մեջ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Բայրամովն այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում։  

Բայրամովը պնդել է, թե, իբր, Հայաստանն իր տարածքում չի կանխել Ադրբեջանի նկատմամբ առկա էթնիկ ատելությունն ու խտրականությունը և չի վերացրել զինված խմբավորումների գործունեությունը, ինչպիսիք են ՈՄԱ-ն և ՊՈԳԱ-ն։

Առավել ցանկալի կլիներ, որ նախքան Հայաստանին էթնիկ ատելության և խտրականության մեջ մեղադրելը Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատեր, թե սեփական երկրում նման երևույթներն ինչպիսի տարածում ունեն։ Ասվածը լավագույն կերպով ապացուցում է այն հանգմանքը, որ Ադրբեջանում պետական մակարդակով հերոսացվել է հանցագործ Ռամիլ Սաֆարովը, ով քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Նման հերոսների, ինչպես նաև Ադրբեջանում ստեղծված ռազմավարի պուրակների շնորհիվ Ադրբեջանի հասարակության և հատկապես անչափահասների շրջանում հայատյացությունը մշտապես վառ է պահվում։ 

Ինչ վերաբերում է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության գործունեությանը, ապա այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Կազմակերպության համոզմամբ՝ Հայաստանից և Սփյուռքից պահեստազորի, նորակոչիկների և կամավորների պատրաստումը կօգնի ստեղծել ավելի հզոր պետություն և կդառնա իրական պահեստային բանակ՝ անհրաժեշտության դեպքում գործի անցնելու համար։

Հիշեցնենք, որ ՈՄԱ-ն իրականացնում է մի շարք ոլորտներ ընդգրկող դասընթացներ 16 տարեկանից բարձր անձանց շրջանում։ ՈՄԱ-ի վերջնական նպատակն է ստեղծել բոլոր պետություններին բնորոշ համապարփակ պաշտպանական համակարգ, այն է՝ պատրաստված բնակչություն, որը արտակարգ և ճգնաժամային ամենատարբեր իրավիճակներում կկարողանա ճիշտ կողմնորոշվել, պաշտպանել և ինքնապաշտպանվել:

Հատկապես Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ իրականացված հանցանքները հաշվի առնելով՝ բնակչության ինքնապաշտպանական կարողությունների ամրապնդումը չափազանց կարևոր նշանակություն ունի, ինչը թույլ կտա հնարավորինս խուսափել այնպիսի կորուստներից, որոնք ճիշտ վարքագծի դեպքում հնարավոր է կանխել։

Հասկանալի է, որ Հայաստանում նման ռազմահայրենասիրական կազմակերպության գործունեությունը պետք է դուր չգա Ադրբեջանի ռազմատենչ վարչակազմին, որը պարբերաբար խախտում է իր կողմից ստանձնած պարտավորություններն, ինչպես նաև կրակ բացում Հայաստանի և Արցախի սահմանների ուղղությամբ։ Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար նման նախաձեռնություններ են իրականացվում, որպեսզի միջազգային հանրության աչքին ստվերեն այն զազրելի արարքները, որոնք տեղի են ունենում հենց Ադրբեջանում։

Հավելենք, որ Ադրբեջանի խաղաղության տրամաբանության համաձայն՝ այդ երկիրը գտնում է, որ Հայաստանը չպետք է սպառազինություն ձեռք բերի, վերակառուցի իր բանակը, վերականգնի զինված ուժերի մարտունակությունը, մինչդեռ Ադրբեջանը շարունակի ձեռք բերել ամենաժամանակակից սպառազինությունը և շարունակի Հայաստանի դեմ իր ագրեսիան։ Անշուշտ այս համատեքտում ՈՄԱ-ի գործունեությունը խոչընդոտում է ադրբեջանական այդ ծրագրերի իրականացմանը, և Բաքուն ամեն կերպ փորձում է վնասել կազմակերպության հեղինակությունը, կամ՝ հնարավորության դեպքում հասնել ՈՄԱ-ի փակմանը։
 

Add new comment