Լիբանանը 1920-1940 թթ.
1920 թ. ապրիլին Սան-Ռեմոյում տեղի ունեցած խաղաղության վեհաժողովում որոշվեց Սիրիայի և Լիբանանի կառավարման մանդատը հանձնել Ֆրանսիային: Ֆրանսիական իշխանությունների կողմից Լիբանանը վերածվեց «Մեծ Լիբանան» հատուկ պետության, որի սահմանները շոշափելիորեն ընդլայնվեցին պատերազմից առաջ գոյություն ունեցող սահմանների համեմատությամբ: Նրա կառավարիչն էր ֆրանսիացի նահանգապետը: Լիբանանում ստեղծվել էր վարչական կոմիտե, որն օժտված էր խորհրդակցական գործառույթներով: 1922 թ. այդ կոմիտեն փոխարինվեց ներկայացուցչական խորհրդով:
Լիբանանում իրենց իշխանության ամրապնդման հետ մեկտեղ, ֆրանսիական իշխանություններն ազգային-ազատագրական ուժերից նախաձեռնությունը խլելու նպատակով ձեռնարկեցին վարչական բարեփոխումներ: Այսպես՝ 1926 թ. նրանք գործի մեջ դրեցին նոր հանրապետական սահմանադրություն, որի համաձայն՝ երկրում ստեղծվում էր երկպալատանի խորհրդարան: Այնուամենայնիվ, միջազգային հարաբերությունների և պաշտպանության ոլորտները շարունակում էին մնալ ֆրանսիացիների վերահսկողության տակ: Լիբանանի կառավարության ցանկացած որոշում կարող էր չեղյալ համարվել Ֆրանսիայի գլխավոր հանձնակատարի կողմից:
Սահմանադրությունը սակայն երկար չգործեց, 1927 թ. ֆրանսիական իշխանությունները ցրեցին Սենատը և 1932 թ. մայիսին երկրում ծայր առած ազգային ազատագրական շարժման պատճառով վերջ դրեցին սահմանադրության գործողությանը, որը վերականգնվեց 1934 թ.: 1934 թ. Լիբանանում տնտեսության որոշակի առաջընթաց արձանագրվեց: Տնտեսության մեջ, բնականաբար, իշխող դիրք էր գրավում ֆրանսիական կապիտալը, որն էլ թելադրում էր տնտեսության զարգացման ուղիներն ու առաջնահերթությունները: 1936 թ. նոյեմբերին Լիբանանի և Ֆրանսիայի միջև ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի՝ Ֆրանսիան պարտավորվում էր 3 տարի հետո վերացնել մանդատը, հրաժարվել մաքսակետերի, ֆինանսական և կապի համակարգերի վրա վերահսկողությունից: Ամեն դեպքում Լիբանանի տարածքում շարունակում էին մնալ Ֆրանսիայի զինված ուժերը, որոնց գործառույթների մեջ էր մտնում երկրում կրոնական և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Փաստորեն Ֆրանսիան պահպանում էր Լիբանանի ներքին գործերին միջամտելու հնարավորությունը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրավիճակը Լիբանանում փոխվեց: 1939 թ. սեպտեմբերին ցրվեց երկրի խորհրդարանը, իսկ կառավարությունը փոխարինվեց «հանրային անվտանգության քարտուղարությամբ»: 1940 թ. հունիսին՝ Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո, ֆրանսիական իշխանությունները հայտարարեցին Լևանտի երկրներում իրենց առաքելության
շարունակության մասին: Լիբանանում նորանշանակ գլխավոր հանձնակատար գեներալ Դենցը գործում էր Բեյրութ ժամանած իտալա-գերմանական հաշտության հանձնաժողովի հսկողության տակ: 1941 թ. Լիբանան մտան անգլիական զորքերը և «Ազատ Ֆրանսիայի» զինված ստորաբաժանումները: Ֆրանսիական զորքերի հրամանատար գեներալ Կարտրուն հայտարարեց մանդատի վերացման մասին:
Այսպիսով սկսվեց Լիբանանի զավթումն անգլիական զորքերի և «Ազատ Ֆրանսիայի» զինված ստորաբաժանումների կողմից: 1941 թ. օգոստոսին Անգլիայի կառավարության և գեներալ դը Գոլի միջև համաձայնություն ձեռք բերվեց Սիրիայում և Լիբանանում Ֆրանսիայի «հատուկ շահերի» ճանաչման, ինչպես նաև Մերձավոր և Միջին Արևելքում անգլիական ռազմական հրամանատարությամբ գերիշխանության վերաբերյալ: Անգլո-ֆրանսիական մրցակցության սաստկացման պայմաններում «Ազատ Ֆրանսիա» կոմիտեն Լիբանանի հայրենասիրական ուժերի ճնշման տակ ստիպված եղավ 1941 թ. նոյեմբերի 26-ին պաշտոնապես վերահաստատել մանդատի վերացումն ու Լիբանանին անկախության տրամադրումը:
1943 թ. սկզբին գեներալ Կարտրուն համաձայնվեց լիբանանյան սահմանադրության վերականգնմանը և խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Ընտրությունների արդյունքում, որոնք կայացան 1943 թ. օգոստոսին անգլիացիների ակնհայտ աջակցությամբ, հաղթանակ տարավ ազգայնական, խոշոր առևտրական բուրժուազիայի և ֆեոդալներից կազմված սահմանադրական բլոկը՝ Բիշարա ալ- Խուրիի գլխավորությամբ: Վերջինս մեկ ամիս անց ընտրվեց Լիբանանի Հանրապետության նախագահի պաշտոնում, իսկ վարչապետ դարձավ Ռիյադ Սոլհը:
Այստեղ ֆրանսիացիները նորից փորձեցին միջամտել Լիբանանի ներքին գործերին՝ ձերբակալելով նախագահին, վարչապետին և կառավարության մի շարք անդամների ու կասեցնելով սահմանադրության գործունեությունը: Սակայն Լիբանանի ժողովրդի և ազգային բոլոր ուժերի միահամուռ դիմադրության արդյունքում 1943 թ. նոյեմբերի 22-ին երկրի խորհրդարանի վրա նորից ծածանվեց պետական դրոշը․ այդ օրը դարձավ Լիբանանի ազգային տոնը՝ Անկախության օրը: Բիշարա ալ-Խուրիի և Ռիյադ Սոլհի միջև համաձայնություն ձեռք բերվեց անկախ Լիբանանի պետական կառուցվածքի սկզբունքների վերաբերյալ, մասնավորապես Ազգային դաշինքի, որի համաձայն՝ Լիբանանը հռչակվում էր անկախ ինքնիշխան պետություն, որտեղ քրիստոնյաները պետք է զերծ մնան օտար ուժերին ապավինելուց կամ Լիբանանում նրանց ազդեցության հաստատումից: Երկրի մահմեդական բնակչությունն իր հերթին պետք է ձեռնպահ մնար Սիրիայի կամ արաբական այլ երկրների հետ Լիբանանի միավորման փորձերից:
Ըստ Ազգային դաշինքի՝ Լիբանանը համարվում էր արաբական երկիր և արաբական աշխարհի մի մասը, որն առանց խտրականության հավասարազոր հարաբերություններ պետք է հաստատի արաբական
բոլոր երկրների հետ: Ազգային դաշինքի ամենահիշարժան մասը վերաբերում էր երկրում առկա կրոնական համայնքների միջև պետական պաշտոնների բաշխմանը: Այն, Լիբանանի պետության կառուցվածքի հիմքում ամրագրելով համայնքային սկզբունքը, երկիրը դատապարտեց անխուսափելի թուլության և ավելի քան 30 տարի տևող կործանարար քաղաքացիական պատերազմի: Ազգային դաշինքի համաձայն՝ նախագահի պաշտոնը հատկացվում էր երկրի մարոնի համայնքին, վարչապետինը՝ մահմեդական սուննիներին, իսկ խորհրդարանի նախագահինը՝ մահմեդական շիաներին:
Լիբանանի սահմանադրությամբ և Ազգային դաշինքով ամրագրվում էր Լիբանանի քրիստոնյա բնակչության առաջնային դիրքը: Նախագահն օժտվում էր լայն լիազորություններով՝ վարչապետի և կառավարության անդամների նշանակման և պաշտոնանկության, օրենսդրական և օրենքների հրապարակման, խորհրդարանի լուծարման իրավունքներով:
Add new comment