Իրանը պատրաստ է համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Մոհսեն Նազիրի Ասլըն հայտարարել է, որ չնայած արևմտյան երկրների ավտորիտար մոտեցմանը՝ Թեհրանը պատրաստ է համագործակցել գործակալության հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Ասլըն ընդգծել է, որ եվրոպական երկրներն աշխարհի ուշադրությունը հրավիրում են ՄԱԳԱՏԷ-ում Իրանի միջուկային ծրագրի վրա՝ Իսրայելի իշխանության ռազմական միջուկային ծրագրի կարևոր և շատ մտահոգիչ հարցը թաքցնելու համար։ Նրա խոսքով՝ Իսրայելի ծրագիրն անկայունության աղբյուր է և խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիք։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ եվրոպացիներն իրականացնում են Իրանին ազգային շահերից զրկելու ծրագիր, մինչդեռ Թեհրանը լիովին հավատարիմ է մնում միջազգային կանոնակարգերին։
«Նրանք ջանում են մանիպուլյացիայի ենթարկել իրողությունները, հետամուտ լինել սահմանափակ քաղաքական օրակարգին և թույլ չտալ, որ տարածաշրջանային հարցերում առանցքային դերակատարը ստանձնի իր դերը»,- ասել է նա։
Վերջինս հավելել է, որ Եվրամիությունը պետք է վերջ տա Իրանի դեմ զրոյական խաղին և փոխի իր վերաբերմունքը երկրի նկատմամբ, այլ ոչ թե պնդի իր անարդյունավետ, ավտորիտար մոտեցումը։
Add new comment