Ամն

ԱՄՆ-ն մասամբ դուրս է բերում իր զինվորականներին Սիրիայից. NYT

Միացյալ Նահանգները սկսել է Սիրիայի հյուսիս-արևելքից դուրս բերել հարյուրավոր զինվորականների։ Այս մասին  հայտնում է The New York Times-ը։

ԱՄՆ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց անունները չեն նշվում, հայտնել են, որ զինվորականները փակում են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ութ փոքր գործող ռազմակայաններից երեքը՝ զորքերի քանակը 2000-ից հասցնելով մոտ 1400-ի: 

Պաշտոնյաների խոսքով՝ 60 օր անց ամերիկացի հրամանատարները կգնահատեն՝ արդյոք լրացուցիչ կրճատումներ լինելու են, թե ոչ։ Պաշտոնյաներից մեկը նշել է, որ հրամանատարները խորհուրդ են տվել առնվազն 500 ամերիկացի զինվորական պահել Սիրիայում։

Աղբյուրները նշել են, որ ռազմակայանները փակելու և միավորելու որոշումը հիմնված է ցամաքային հրամանատարների առաջարկությունների վրա, որոնք էլ հաստատվել են Պենտագոնի և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության կողմից։

The New York Times-ը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «խորը թերահավատություն» է հայտնել Սիրիայում ամերիկյան զորքեր պահելու առնչությամբ։ Նա հունվարի վերջին հայտնել էր, որ ԱՄՆ-ն Սիրիայում զորքերի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի և նշել էր, որ ԱՄՆ-ն Սիրիայում ներգրավված չէ, «Սիրիան իր սեփական խառնաշփոթի մեջ է…. Նրանք չեն ուզում, որ մենք ներգրավվենք»։

Add new comment