
Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Օմանում
Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները պայմանավորվել են փորձագետների մակարդակով տեխնիկական բանակցությունների նոր փուլ մեկնարկել, որը կանցկացվի ապրիլի 23-ին Օմանում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Tasnim գործակալության տեղեկացմամբ՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ Իտալիայում անցկացված անուղղակի բանակցությունների նոր փուլն ավարտվել է ապրիլի 19-ի կեսօրին։
Երկու կողմերի պատվիրակությունները՝ Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի գլխավորությամբ, բանակցություններ են վարել Հռոմում՝ Օմանի դեսպանի նստավայրում։ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսաիդին երկու կողմերի միջև հաղորդագրություններ է փոխանակել, ինչպես Մուսկատում կայացած բանակցությունների նախորդ փուլի ընթացքում։
Բանակցությունների ավարտին Իրանի պետական հեռուստատեսության եթերում Արաղչին նշել է, որ բանակցությունները տևել են մոտ չորս ժամ:
Ողջունելով Հռոմում կայացած «լավ և առաջ շարժվող» բանակցությունները՝ արտգործնախարարը հայտնել է, որ պատվիրակություններին հաջողվել է ավելի լավ փոխըմբռնման հասնել մի շարք սկզբունքների և նպատակների շուրջ։
Բացահայտելով փորձագիտական հանդիպումների մեկնարկի ծրագրերը՝ Արաղչին նշել է, որ «փորձագետները ժամանակ կհատկացնեն մանրամասների քննարկման և գործարքի շրջանակ մշակելու համար:
«Չորեքշաբթի օրը Օմանում փորձագիտական մակարդակով տեխնիկական խորհրդակցություններ կլինեն: Շաբաթ օրը մենք կրկին կհանդիպենք ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ՝ քննարկելու փորձագետների աշխատանքի արդյունքները և տեսնելու, թե որքան մոտ կլինենք համաձայնությանը»,- ասել է Արաղչին։
Add new comment