
Արցախյան շարժումը խոչընդոտ չէր անկախության համար, այլ դրա շարժիչ ուժն էր, Արցախը կարևորագույն անվտանգային բարձիկ էր Հայաստանի համար. Գեղամ Մանուկյան
ԱԺ դահլիճում անձնապես ինձ համար շատ է դժվար ամեն անգամ լսել մարդկանց ելույթներ, որոնք այդ ամեն ինչը չեն տեսել, դու ապրել ես, իրենք չեն տեսել: Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«1990 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ ո՞ր մամուլն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում»,- հարցրեց նա։
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից հայտարարեց՝ դաշնակցական։
«Էդ ո՞վ ասեց, գլուխդ պատով տվեցիր, «Հայկական ժամանակ», Նիկոլ Փաշինյան, գնացե՛ք, մամուլը նայեք»,-հայտարարեց Մանուկյանը։
Նա նշեց, որ իր ելույթն ուղեցույց է բոլոր նրանց, ովքեր դեռ պատրաստ են ամուր պահել պետականության հենասյուները՝ պատմություն, արժանապատվությկուն, հիշողություն:
«Խոսքս հանուն պետության ու հայրենիքի հակափաստարկելով հակափաշինյանական այն թեզերը, որոնք մեր ազգային գոյությունը և հենց պետականությունն են վտանգում: Նախորդ շաբաթ ՀՀ ԱԺ-ում մենք ականատես եղանք մի ելույթի, որը պաշտոնապես կոչվում էր ամփոփիչ զեկույց բայց իրականում այն քաղաքական մանիֆեստ էր պետականություն առանց հիշողության, իրականություն առանցարմատների ու ապագա առանց ինքնության: Այն առաջարկում էր հրաժարվել մեր պատմական դասերից, մշակությաին կոդերից և ազգային նկարագրից: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը ունի հստակ նպատակ՝ հայ ժողովրդին զրկել արմատներից, հիշողությունից ու ինքնությունից»,- ասաց նա:
Ըստ նրա՝ Փաշինյանը հակադրեց արցախյան շարժումն ու անկախության համար պայքարը, արցախյան շարժումը համարեց խոչընդոտ այդ պայքարի համար։
«Արցախյան շարժումը խոչընդոտ չէր անկախության համար, այլ՝ դրա շարժիչ ուժն էր, Փաշինյանը չի ուզում հաշվի նստել պատմական իրողության հետ»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը։
Նա հայտարարեց՝ Արցախը կարևորագույն անվտանգային բարձիկ ու գործոն էր Հայաստանի համար։
Add new comment