Այս մասին գրել է Real Clear World ամերիկյան հարթակը։

ՀՀ-ն և Ադրբեջանը հեռու են մշտական համաձայնության գալուց, իսկ խաղաղության պայմանգիրը վտանգի տակ է․ RCW

Անցյալ ամիս լրատվականները և մի քանի միջազգային կազմակերպություններ հայտնել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր են ձեռնարկել ՝ վերջնականապես կարգավորելու իրենց հարաբերությունները: Երկու երկրները վերջնական տեսքի են բերել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրում» ուրվագծված լեզուն, և շատ միջազգային դիտորդներ ողջունել են այս առաջընթացը: Այս մասին գրել է Real Clear World ամերիկյան հարթակը։

Փաստաթղթը խոստանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատելու: Բացի այդ՝ կողմերը բացառել են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով երրորդ կողմի անձնակազմի տեղակայունը։ Ինչպես նշվել է, սա նշանակում է, որ ռուսական խաղաղապահ ուժերն այլևս չեն ողջունվի։

Այս քննարկումներից հետո երկու երկրների պետական պաշտոնյաները հայտարարել են, որ պատրաստ են ստորագրել համաձայնագիրը։ Սակայն Ադրբեջանը խնդրել է Հայաստանին վերաշարադրել իր սահմանադրությունը՝ հեռացնելով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին վերաբերող ցանկացած հիշատակում, ինչը էական պահանջ է։ «Շուրջ չորս տասնամյակ երկու երկրները կռվել են այս պատմական տարածքի համար: Հազարավոր հայեր և ադրբեջանցիներ զոհվել են այդ տարածքի համար կռվելիս, շատերն էլ՝ վիրավորվել։ Բոլորովին վերջերս՝ 2023 թվականի աշնանն, ադրբեջանական ներխուժումից հետո ավելի քան 100,000 հայեր ստիպված են եղել լքել տարածաշրջանը», – գրել է կայքը և ավելացրել, որ շատ հայեր կարծում են, որ եթե Լեռնային Ղարաբաղը զիջվի Ադրբեջանին, դա կարող է հանգեցնել նրանց հարևանի կողմից լրացուցիչ հողազավթման: Հաշվի առնելով այս վերապահումները՝ Հայաստանը նախընտրել է չվերաշարադրել իր սահմանադրությունը:

Ըստ RCW-ի՝ մեկ այլ զարգացում էլ է նկատվում: ՀՀ ՊՆ տվյալներով՝ ադրբեջանական զինուժը ռազմական գործողություն է իրականացրել՝ գնդակոծելով հայկական գյուղը։ Թեև զոհեր չկան , զարգացումները հուշում են, որ երկու երկրները հեռու են մշտական համաձայնության գալուց։

Ավելին, տեղեկություններ կային, որ տարածաշրջանում կուտակումներ են եղել։ Օրինակ՝ Հայաստանն ու Իրանը վերջերս համատեղ զորավարժություններ են անցկացրել Հայաստան-Իրան սահմանի մոտ։ Միևնույն ժամանակ՝ ադրբեջանցի պաշտոնյաները հանդիպել են իրենց թուրք գործընկերների հետ՝ քննարկելու տարբեր հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Հարավային Կովկասում:

Հայ-իրանական զորավարժություններից և Թուրքիայի հետ Ադրբեջանի հանդիպումից օրեր անց եվրոպական իշխանությունները հայտարարել են, որ հայ-ադրբեջանական սահմանին նոր աճող լարվածություն կա։ Եթե իրավիճակը սրվի, կարող են վտանգվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները: Հայաստանում Եվրամիության առաքելությունը (EUMA) ևս հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ «հաստատակամ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև անվտանգության իրավիճակը մշտադիտարկելու իր հանձնառության մեջ»։ EUMA-ը նաև վերահաստատել է, որ կշարունակի «նպաստել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բնակվող համայնքների անվտանգությանն ու կայունությանը»: Խումբը նաև ընդգծել է, որ ավելացրել է իր պարեկությունը սահմանին՝ փորձելով նվազեցնել լարվածությունը։

«Շատ կարևոր է, որ EUMA-ն հաջողի իր ջանքերում: Եթե խումբը չկարողանա դեէսկալացնել իրավիճակը, դա կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության, ինչն էլ կարող է վտանգի ենթարկել բազմաթիվ կյանքեր և խաթարել այս երկու երկրների միջև խաղաղության ողջ գործընթացը», – նշվել է հոդվածում։

Ինչպես ընդգծվել է, ժամանակն է, որ երկրները համախմբվեն՝ հարթակ ստեղծելու իրենց տարաձայնությունները հարթելու և լարվածությունը կարգավորելու ուղիներ գտնելու համար: Դա հեշտ չի լինի, և դրա համար ժամանակ և շարունակական համագործակցություն կպահանջվի: Բայց գործընթացը վճռորոշ է և անհրաժեշտ։ Հակառակ դեպքում՝ փոխզիջումների չգնալը կարող է հանգեցնել տարածաշրջանում լրացուցիչ կործանարար իրադարձությունների:

Թարգմանությունը՝ ABC MEDIA-ի

Add new comment