Հհյյ

«Գիշերը նորից կրակել են, կրակոցներն անկանոն են եղել». Խոզնավարի վարչական ղեկավար

Մոտ 1 ամիս է՝ Ադրբեջանը շարունակում է կրակել Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, երբեմն այդ կրակոցներն անկանոն են, երբեմն՝ թիրախում սահմանին գտնվող տներն են։ Խոզնավար, Խնածախ գյուղերում ամեն գիշեր այդ կրակոցները լսվում են։

Խոզնավար գյուղի վարչական ղեկավարը 168.amին փոխանցեց, որ ամեն գիշեր ադրբեջանական կողմից կրակում են։

«Այս գիշեր նորից կրակել են, կրակոցներն անկանոն են եղել։ Այս պահին վտանգավոր բան չկա, կարևորը՝ բնակիչները խուճապի չեն մատնվում»,- նշեց Վահան Զաքարյանը։

Ապրիլի 20-ին ադրբեջանական ԶՈւ-ից թիրախային կրակել էին Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:

Իսկ դրանից առաջ էլ Խնածախ գյուղի ուղղությամբ էին կրակել՝ վնասելով մշակույթի տան տանիքը։

2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո Ադրբեջանի Զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը կրակոցների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցելիս ավելի զգուշավոր է:

«Ես կրակոցների մասին որևէ բան չեմ կարող ասել, դիմեք ՊՆ-ին, թող մեկնաբանի, ես ոչինչ ասել չեմ կարող»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Խաչատուր Բաղդասարյանը։

Վերջերս Ներքին Հանդի վարչական ղեկավարն ահազանգել էր, որ գյուղի այն հատվածում, որն ադրբեջանական հսկողության տակ է, չեն նկատում Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը։

Խաչատուր Բաղդասարյանն այսօր մեզ հետ զրույցում կրկին վերահաստատեց՝ հուշարձանի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ, հեռադիտակով են նայում ու այդ հատվածում հուշարձանը չեն տեսնում։

Նշենք, որ 2022 թվականից հետո ադրբեջանական հսկողության տակ է անցել նաև գյուղի գերեզմանոցը, բնակիչներն այս պահին չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին։

Այսօր խորհրդարանում ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խոսելով այս կրակոցների մասին՝ նախ ասաց՝ ստեղծված պայմաններում ՀՀ իշխանության գործողությունը պետք է լինի հրաժարական տալը։

«Եթե ինչ-որ գործիչներ 5 տարի է՝ ասում են, որ խաղաղություն են բերում, բայց արդյունքը սա է, հրաժարականից զատ, այլ գործողություն չի կարող լինել։ Ինչի՞ վրա եք զարմանում՝ սա է Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը, Փաշինյանի պարագայում ամեն ինչ տրամաբանական է։ Մենք սրա մասին ասում էինք»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։


 

Add new comment