ՌԴ յուտե

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին առաջընթաց են գրանցել․ Ռյուտե

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին լավ առաջընթաց են գրանցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 24-ին Սպիտակ տան առջև լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

«Կարծում եմ՝ երբ նայում եք երեկ Լոնդոնում կայացած հանդիպման արդյունքներին, մենք կարող ենք տեսնել բավականին դրական առաջընթաց մեր ներկայիս վիճակում»,- նշել է նա՝ նկատի ունենալով ապրիլի 23-ին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումը։

Ռյուտեն բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար։

«Ես տեսնում եմ մի իրավիճակ, երբ նախագահ Թրամփի ղեկավարության ներքո սա կարող է դրական ավարտ ունենալ, և դա շատ կարևոր է»,- ասել է Ռյուտեն։Այն հարցին՝ արդյոք իր կարծիքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղություն ցանկանում է, Մարկ Ռյուտեն ասել է, որ նախկինում աշխատել է նրա հետ, երբ զբաղեցնում էր Նիդեռլանդների վարչապետի պաշտոնը։

«Ես դադարել եմ փորձել կարդալ նրա մտքերը։ Կտեսնենք», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորության մասին հարցին Ռյուտեն պատասխանել է, որ այժմ «սեղանին ինչ-որ բան է դրված»՝ հավելելով, որ «գնդակն, ակնհայտորեն Ռուսաստանի դաշտում է»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ Վաշինգտոնում «շատ լավ հանդիպումներ» է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ։

Ռյուտեն մանրամասնել է, որ այս հանդիպումների ընթացքում քննարկվել են ուկրաինական ճգնաժամը և հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Add new comment