Մամուլ

Թուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝ «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումները

Թուրքական մամուլը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը՝ վերլուծելով երկրի ապագա տնտեսական քաղաքականության ուղղությունները: Գրում է ermenihaber.am-ը:

Հոդվածում, որն ըստ էության BBC-ի կովկասյան թղթակից Ռայհան Դեմիտրիի ռեպորտաժի վերատպությունն է, նշվում է, որ Հայաստանը՝ որպես Հարավային Կովկասի ամենաքիչ բնակչություն ունեցող երկիր, ակտիվորեն փնտրում է տնտեսական զարգացման նոր մոդել:

Թուրքական մամուլը հատուկ ընդգծում է, որ 2020թ. պատերազմից հետո Հայաստանը փորձում է միաժամանակ հավասարակշռել Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները՝ ապահովելով իր անվտանգությունը և զուգահեռաբար զարգացնել տեխնոլոգիական ոլորտը:

Մանրամասն անդրադարձ է կատարվում 2014թ. մեկնարկած «Արմաթ» կրթական ծրագրին, որի շրջանակներում երեխաները դեռ տարրական դպրոցից սկսում են ուսումնասիրել ծրագրավորում, կոդավորում, ռոբոտաշինություն և եռաչափ մոդելավորում: Ներկայումս երկրում գործում է 650 «Արմաթ» լաբորատորիա:

Թուրքական մամուլը մեջբերում է Հայաստանի Բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գլխավոր տնօրեն Սարգիս Կարապետյանի խոսքը. «Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական կենտրոն, որը ներկայացնում է աշխարհին մեծագույն արժեքներ»:

Հոդվածում հատուկ ընդգծվում է, որ Հայաստանում տեխնոլոգիական ընկերությունների թիվը հասել է 4000-ի, իսկ «Արմաթ» ծրագիրը երկրի ամենահաջողված պետական-մասնավոր համագործակցության օրինակն է:

Թուրքական մամուլն անդրադառնում է նաև այն փաստին, որ Հայաստանը, չունենալով հարուստ բնական ռեսուրսներ և ունենալով բարդ հարաբերություններ հարևան երկրների հետ, փորձում է կառուցել իր ապագան՝ զարգացնելով խորհրդային ժամանակաշրջանից մնացած մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների ոլորտում ունեցած հաջողությունները:

Հոդվածը նաև հիշատակում է 2011թ. Հայաստանում ստեղծված «Picsart» ընկերության հաջողության պատմությունը, որը ներկայումս գնահատվում է 1.5 մլրդ դոլար, և նշում, որ աշխարհասփյուռ հայ համայնքն օգնում է ստեղծել միջազգային կապեր տեխնոլոգիական ոլորտում:

«INDEPENDENT Türkçe» լրատվամիջոցի խմբագրությունը նշում է, որ վերլուծական այս հոդվածն արտացոլում է տնտեսական զարգացման այն մոդելը, որը Հայաստանը փորձում է որդեգրել և դառնալ տեխնոլոգիական առաջատար տարածաշրջանում:

 

Add new comment