Մեծ Բրիտանիան պաշտպանական ծախսերը կավելացնի 5 մլրդ ֆունտով. դրանց մի մասը կուղղվի Ուկրաինային փոխանցված զենքի պաշարների համալրմանը
Մեծ Բրիտանիան առաջիկա 2 տարում կավելացնի պաշտպանական բյուջեն 5 մլրդ ֆունտ ստեռլինգով։ Այս բյուջեից 1.9 միլիարդ ֆունտ ստեռլինգը կուղղվի Ուկրաինա ուղարկվող զենքի պաշարների համալրմանը, զինամթերքի արտադրության կարողությունների բարելավմանը: Հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պաշտպանական բյուջեի ավելացման մասին կհայտարարվի անվտանգության նոր ռազմավարության մեջ, որը նախատեսվում է հրապարակել այսօր։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը սա հաստատել էր Կալիֆոռնիայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզի հետ հանդիպումից առաջ։ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանին հակազդելու համար 2021 թ. ստեղծված AUKUS (Ավստրալիա, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ) դաշինքի հանդիպման ժամանակ կհամաձայնեցվի Ավստրալիային միջուկային սուզանավերի մատակարարման հարցը:
Ավստրալիան կդառնա աշխարհում յոթերորդ երկիրն ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից, Հնդկաստանից և Ռուսաստանից հետո, որը կշահագործի միջուկային սուզանավեր։
Մեծ Բրիտանիան նախատեսում է 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ ծախսել AUKUS-ին աջակցելու և սուզանավերի կառուցման ու սպասարկման արդյունաբերական ենթակառուցվածքը կատարելագործելու համար: Մեծ Բրիտանիայի պաշտպանական ռազմավարությունը որոշվել է վերանայել այն բանից հետո, երբ Ռուսաստանը լայնածավալ ռազմական գործողություններ ծավալեց Ուկրաինայում։ Պաշտպանական ծախսերը կվերանայվեն 2025 թվականից հետո՝ երկարաժամկետ հեռանկարում դրանք հասցնելով ՀՆԱ-ի 2.5%-ին, ասել է Դաունինգ Սթրիթի խոսնակը:
ՆԱՏՕ-ի տվյալների համաձայն՝ անցյալ տարի Բրիտանիան ռազմական կարիքների համար ծախսել է իր ՀՆԱ-ի 2.16 %-ը: Լոնդոնը շարունակում է իր պաշտպանական ծախսերն ավելացնել արդեն 4 տարի անընդմեջ՝ առաջին անգամ Սառը պատերազմից ի վեր:
Add new comment