Ռուսաստանը կարող է ևս 2 տարի շարունակել պատերազմը. VOA-ի անդրադարձը
Ըստ հետախուզական որոշ ուսումնասիրությունների` Ռուսաստանն ընթացող պատերազմը կարող է շարունակել ևս երկու տարի: Դրա համար ռեսուրսներ ունի և պակասն էլ լրացնում է ժողովրդի բարեկեցության հաշվին: Լիտվայի հետախուզությունն այս հարցում մեծ մտավախություններ ունի:
Լիտվայի ռազմական հետախուզության տվյալներով` Ռուսաստանն ունի բավարար ռեսուրսներ պատերազմը ևս երկու տարի շարունակելու համար: Հետախուզության պետի խոսքերով` դա տեղի կունենա, եթե պատերազմը շարունակվի նման տեմպերով:
Ըստ Հետախուզության ղեկավար Էլեգիուս Պաուլավիչյուսի` «թե որքան ժամանակ Ռուսաստանը կկարողանա շարունակել պատերազմել, կախված կլինի նաև այն հանգամանքից, թե այդ երկրի զինված ուժերն ինչպիսի աջակցություն կստանան այլ պետություններից»: Նա Ռուսաստանին աջակցելու հավանական պետությունների շարքին է դասում Իրանն ու Հյուսիսային Կորեան:
Պաուլավիչյուսը ներկայացրել է Լիտվայի հետախուզական ծառայությունների կողմից երկրին սպառնացող սպառնալիքների մասին զեկույց: Այստեղ նշվում է, որ Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների հետ կապեր ունեցող հաքերները բազմիցս փորձել են ներխուժել Լիտվայի կառավարության համակարգչային ցանցեր:
«Նրանց առաջնահերթությունը մնում է Լիտվայի ներքին և արտաքին գործերին առնչվող տեղեկատվության շարունակական երկարաժամկետ հավաքագրումը»,- նշել են երկրի հետախուզական ծառայությունները։
Զեկույցում չի նշվում, թե արդյոք հաքերային փորձերը հաջող են եղել, թե ոչ։
Ըստ Լիտվայի հետախուզական ծառայությունների` պատժամիջոցները չեն նվազեցրել իր զինված ուժերին ֆինանսավորելու Ռուսաստանի կարողությունը, քանի որ այս երկրի իշխանություններն այժմ ռեսուրսներ են հայթայթում բնակչության բարեկեցությունն ապահովելու ֆոնդերից:
Ռուսաստանը «միջնորդների երկար շղթաներ» է կիրառում` պատժամիջոցներից խուսափելով արևմտյան տեխնոլոգիաներ գնելու համար: Այս ընթացքում նրա բանակը հարմարվում է Արևմուտքի հետ երկարաժամկետ առճակատմանը և մտադիր է զարկ տալ Բալթիկ ծովի տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը վերականգնելու ջանքերին:
Զեկույցում ասվում է. «Դա մեծապես կախված կլինի Ուկրաինայի պատերազմի տևողությունից և արդյունքից: Որքան երկար և թանկ լինի պատերազմը, այնքան ավելի երկար ժամանակ կպահանջվի»։
Add new comment