Իրանն ամուր կանգնած է, չնայած գտնվում է ամենախիստ պատժամիջոցների տակ. ԻՀՊԿ գլխավոր հրամանատար
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ երկիրն ամուր կանգնած է՝ չնայած այն բանին, որ գտնվում է ամենախիստ պատժամիջոցների տակ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
ԻՀՊԿ ղեկավարը շեշտել է, որ որևէ այլ պետություն, այդ թվում՝ գերտերությունները, չի կարող դիմագրավել այն պատժամիջոցներին, որոնք սահմանվում են Իրանի դեմ։ Նրա խոսքով՝ աշխարհի ռազմականապես և տնտեսապես հզոր տերությունների մեծ մասը լուրջ մարտահրավերների առաջ կկանգներ, եթե նույնիսկ կարճ ժամանակով բախվեր նման պատժամիջոցների։
«Նույնիսկ մեկ տարվա պատերազմը բավական է աշխարհի բազմաթիվ քաղաքական համակարգեր քանդելու համար, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը ժողովրդի աջակցությամբ և իր առաջնորդի զգոնությամբ չտրվեց համաշխարհային ամբարտավանության ճնշումներին և ուժով շարունակում է իր ուղին»,- նշել է նա։
Սալամին հավելել է, որ պատժամիջոցներն ուժեղացրել են և՛ Իրանի ժողովրդին, և՛ հեղափոխության պահապանների կորպուսին։
Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ եթե Իրանն այսօր կարողացել է արբանյակներ ուղարկել տիեզերք, արտադրել պատվաստանյութեր, հրթիռներ, ավտոմեքենաներ և գործարկել խոշոր շինարարական նախագծեր, ապա դա տեղի է ունեցել ինքնավստահության պատճառով, որն իր հերթին պատժամիջոցների և ամբարտավանության դեմ կանգնելու արդյունք է։
Add new comment