
Հրդեհից զոհված զինվորներից ոչ մեկը քնած չի եղել. մեկը լուսամուտի, մյուսը վառարանի մոտ է եղել. հրամանատարը բացահայտում արեց - Առավոտ
Ոչ մեկը քնած չի եղել, մի հոգի է մահճակալի վրա եղել: Տարբեր տեղեր են եղել, մեկը ինչ-որ վառարանի մոտ է եղել վառված, մյուսը լուսամուտի մոտ, նույնիսկ մի երկուսը դոշակներով փաթաթված էին:
Գեղարքունիքի մարզի Սևանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննության գործով մայիսի 2-ի դատական նիստին այսպիսի սկանդալային հայտարարություն արեց 55.705 զորամասի մարտական հերթապահության գծով տեղակալ, գործով վկա Ռադիկ Գևորգյանը:
Լարվածության, կոնֆլիկտային մթնոլորտի, վիճաբանության մասին տվյալներ ունեցե՞լ եք, հանրային մեղադրողի այս հարցին Գևորգյանը բացասական պատասխան տվեց: Քրեական հայտնի խմբավորման ներկայացուցիչների կողմից զինվորների, սպաների ծեծելու մասին լուրերն էլ այսօր հարցաքննվող հրամանատարին չէին հասել, ոչ մի տեղեկություն չուներ:
Հաջորդ հարցին՝ իմացե՞լ եք, որ դեպքի նախորդող ժամանակահատվածում՝ հունվարի 18-ին, զինվորներից մեկի ծնողներն են այցելել, զորամասի հրամանատարը կրկին բացասական պատասխան տվեց: Զորամասի հրամանատարի պատմելով՝ երբ հասել է դեպքի վայր, տեսել է՝ տանիքը վառվելով թափվում էր, իսկ Եղիշե Հակոբյանը գոռալով լացում էր, բան չէր խոսում. «Ես վազեցի որ մի տեղից ներս մտնեմ, երեխեքին հանեմ»:
Նրա խոսքով, Եղիշեն «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխվել է եւս երկու այրված զինծառայողի հետ, իսկ ողջ մնացած մյուս զինվորներին անմիջապես զինվորական ոստիկանություն են տարել՝ հարցաքննության:
Դիերի դուրսբերման գործընթացին անդրադառնալով՝ վկան ասաց, որ այն իրականացվել է հրշեջների կողմից. «Մի դրվագ եմ տեսել, որ այնքան ահավոր էր, որ շաքարս ահավոր բարձրացավ, ես էլ եմ վատացել, ահագին ժամանակ բժիշկները դեղ են տվել: Հրշեջներն էին դիերը հանում»:
Հարցին, թե զինվորների դիերն ինչ դասավորությամբ են եղել, հարցաքննվող հրամանատարը պատասխանեց. «Ոչ մեկը քնած չի եղել, մի հոգի է մահճակալի վրա եղել: Տարբեր տեղեր են եղել, մեկը ինչ-որ վառարանի մոտ է եղել վառված, մյուսը լուսամուտի մոտ, նույնիսկ մի երկուսը դոշակներով փաթաթված էին»:
Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը վկայից հետաքրքրվեց՝ վերադասի որեւէ ներկայացուցչի հետ որեւէ խորհրդատվություն, քննարկում ունեցե՞լ է այսօր դատարան գալուց առաջ:
Վկան պատասխանեց՝ իր բնակարանից ուղիղ եկել է դատարան:
Հետո պատմեց, որ դեպքի օրը տարբեր հեռախոսազանգերի է պատասխանել: Հրդեհի բռնկումից 20 րոպե անց ՊՆ նախարարն է իր հետ կապի դուրս եկել, ինքն էլ հեռախոսով զեկուցել է իրավիճակի մասին. «Նախարարին զեկուցել եմ՝ հրդեհ է ու անձնակազմը մեջն է»:
Ըստ վկայի՝ Վարդենիսի ճանապարհից, որը մոտ 15 կմ հեռու էր կացարանից, երեւում էր հրդեհը: Իր պատկերացմամբ նման ծավալի հրդեհից ոչ մեկը չէր կարող ողջ մնալ: Իսկ երբ մոտեցել է կացարանին ու մոտիկից տեսել հրդեհը՝ իր պատկերացումները փոխվել են համոզմունքի:
Դեպքից հետո ինքը եղել է հրամանատարական կետում բարձրաստիճան ղեկավարների հետ, հետո քննչական է կանչվել հարցաքննության:
Զորամասի հրամանատարը պնդեց, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ անփույթ վերաբերմունքի արդյունքում է Եղիշեն բենզինը լցրել վառարանի մեջ, իսկ որտեղից այդ տեղեկությունը, նա ասաց, որ ի հայտ է եկել հարցաքննությունից:
Նա մի քանի անգամ շեշտեց, որ կացարանի կահավորումը, սենյակի չափը, պայմանները բավարար չէին, չէին համապատասխանում սահմանված կարգին, ինչի համար դիմել էին , որ ամեն ինչ տրամադրեն, զինվորներին տեղափոխեին նորմալ տեղ:
Նորիկ Նորիկյանն իր հարցերի շրջանակում մեջբերեց նաեւ Եղիշե Հակոբյանի հետ քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած հանդիպումից դրվագ, ըստ որի Եղիշեն հայտնել էր, որ Ռադիկ Գեւորգյանը՝ հարցաքննվող վկան, «դեղ ընդունող է».
«Ինձ հետ ունեցած հանդիպման ժամանակ Եղիշե Հակոբյանը պատմել է, որ դեղ օգտագործող եք, դեղ ընդունող, ինչ կասեք այդ մասին»:
Եղիշե Հակոբյանը հուզվեց, ներկայացրեց առարկություն, թե ինքը նման բան չի ասել:
Հանրային մեղադրողներն արձանագրեցին նախաքննական ու դատաքննական ցուցմունքների հակասություն եւ հրապարակեցին վկայի դատաքննական ցուցմունքը:
Add new comment