
Ադրբեջանին մենք նախապայմաններ էինք առաջադրել, որոնց մի մասը կատարվել էր. 2016 թ. այդ նույն Թուրքիան Մինսկի խմբում դատապարտեց ադրբեջանական ագրեսիան. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայկական համալսարանի դասախոսների և ունկնդիրների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:
- Պարոն նախագահ, 2016 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո Դուք առաջադրեցիք երեք նախապայման, որոնց կատարման դեպքում կհամաձայնեք նստել բանակցությունների սեղանի շուրջ: Դրանք էին` պատերազմը չվերսկսելու երաշխիքները, շփման գոտում հրադադարի վերսկսկան մեխանիզմերի գործարկում, այդ թվում` միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում, և երրորդ նախապայմանը` Ադրբեջանին որպես ռազմական էսկալացիայի ագրեսորի ճանաչում: Հարցս հետևյալն է` որո՞նք էին այն հիմնական գործոնները, որոնց պատճառով այս նախապայմանները չկատարվեցին:
Սերժ Սարգսյան - Արդյո՞ք: Ես կարծում եմ, որ Դուք ինֆորմացիայի պակաս ունեք, ցավոք սրտի: Բայց ասեմ հետևյալը. այո, Ձեր հարցի առաջին մասը ստույգ է, ճիշտ է:
Մենք նախապայմաններ ենք առաջադրել, և դա էր մեր` այն ժամանակվա և այսօրվա Հայաստանի կառավարիչների տարբերությունը: Այո, մենք հաղթած կողմ էինք, դրա համար մենք բանակցությունները վերսկսելու համար նախապայմաններ էինք առաջադրել: Բայց ես համաձայն չեմ ձեզ հետ, որ նախապայմաններից որևէ մեկը չկատարվեց: Բա Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններն ինչի՞ մասին էին, որը սրանք ուղղակի դեն քցեցին մի կողմ: Սա մի հանգամանք: Երկրորդ հանգամանքը: Բա 2016 թվականին Թուրքիան, կրկնում եմ` այդ նույն Թուրքիան Մինսկի խմբում չդատապարտե՞ց ադրբեջանական ագրեսիան: Ես խիստ զարմանում եմ ձեր այդ հարցերի վրա, որովհետև կարծում եմ, որ պարոն Էլբակյանի գլխավորած կրթական այս հաստատությունում այդ հարցերը վաղուց պետք է քննարկվեին կամ գոնե այն աշխատությունները, գրքերը, որոնք ինքը, իր ընկերներն են հեղինակել, լավ կլիներ Հայկական համալսարանում ևս տարածվեին, որովհետև մարդիկ փաստական նյութերի հիման վրա գրքեր են գրում, աշխատում են, որպեսզի ճշգրիտ ինֆորմացիան հասանելի լինի շատ-շատերին, որովհետև թեև այսօրվա տեխնիկական միջոցները քանակով մեծ ինֆորմացիա են տալիս, հնարավորություն են տալիս մեծաքանակ ինֆորմացիայի տիրապետել, բայց, ցավոք սրտի, հնարավորություն չեն տալիս զատելու իրականը կեղծից: Այնպես որ, կարծում եմ անձամբ Ձեզ պարոն Էլբակյանի միջոցով մի գիրք կուղարկեմ, որտեղ իմ բոլոր հարցազրույցներն են, որն աշխատակազմի ղեկավարն ի մի է բերել, տպագրվել և տարածվել է: Այնտեղ Դուք կգտնեք այդ հարցերի շատ-շատ պատասխաններ:
Add new comment