Իրանի արտգործնախարարը չի բացառել ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման հնարավորությունը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը չի բացառել, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև գերիների փոխանակում կիրականացվի։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Աբդոլլահիանը հայտնել է, որ Իրանը և Վաշինգտոնը գերիների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ գերիների փոխանակումը տեղի կունենա, եթե ամեն բան լավ ընթանա։
Իրանի գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն ուղերձներ են փոխանակում Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ։ «Մենք համաձայնության ենք եկել գերիների փոխանակման շուրջ։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք ականատես կլինենք գերիների փոխանակմանը»,- հայտարարել է նա։
Վերջինս հայտնել է, որ երկու երկրներն անուղղակի ձևով համապատասխան փաստաթուղթը ստորագրել են 2022 թվականի մարտին, քանի որ Վաշինգտոնն աշխատում է վերջին տեխնիկական հարցերի վրա։ Նա նշել է՝ Իրանի համար շատ կարևոր է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից մերժվեն Թեհրանի դեմ հնչող անհիմն մեղադրանքները։
Հիշեցնենք, որ Իրանը և ԱՄՆ-ն նախկինում երկու անգամ բանտարկյալների փոխանակում են կատարել՝ 2016-ի հունվարին և 2019-ի դեկտեմբերին։
Add new comment