Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների վերականգնումը մահացու հարված է ամերիկա-իսրայելական նախագծին. Նաիմ Քասեմ
Լիբանանյան «Հիզբոլլահ» շարժման ղեկավարներից շեյխ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական կապերի վերականգնումը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում մահացու հարված է ամերիկա-իսրայելական նախագծին: Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին Քասեմը գրառում է կատարել իր թվիթերյան էջում։
Քասեմը շեշտել է, որ հարաբերությունների վերականգնումը կարևոր շրջադարձ է տարածաշրջանի կայունության, անվտանգության և առաջընթացի համար։ Նրա խոսքով՝ սա նաև լավ սկիզբ է երկու երկրների և տարածաշրջանի մյուս ժողովուրդների համար։
«Եվ դա ճակատագրական հարված է ամերիկա-իսրայելական նախագծին և ավելի անորոշ է դարձնում այն»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան 2016 թվականի հունվարին խզեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններն այն բանից հետո, երբ իրանցի ցուցարարները ներխուժեցին Թեհրանում այդ երկրի դեսպանատուն: Իրանցի ցուցարարները վրդովված էին Սաուդյան Արաբիայի կողմից շիա հայտնի հոգևորական շեյխ Նիմր Բաքիր ալ-Նիմրին մահապատժի ենթարկելու որոշումից։
Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների վերականգնումը հնարավոր դարձավ Չինաստանի ակտիվ միջնորդության շնորհիվ։
Add new comment