
Հնդկաստանը շուտով զենք կմատակարարի Հայաստանին՝ Ադրբեջանին և Թուրքիային պատժելու համար. DNA India - ABC MEDIA
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրականության փոփոխությունները՝ Հնդկաստանը շուտով կմատակարարի իր «Ակաշ-1Ս» մակերևույթ-օդ հրթիռային համակարգը Հայաստանին, որի համար պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2022 թվականին։ Սակայն «Ակաշը» միակ զենքը չէ, որը Նյու Դելին կվաճառի կովկասյան երկրին. կա զենքի լայն տեսականի՝ հաուբիցներից մինչև հակատանկային հրթիռներ և հակաօդային սարքավորումներ․ գրել է DNA India պարբերականը: Ինչպես ընդգծվել է, Հնդկաստանը շուտով կարող է փոխարինել Ռուսաստանին՝ որպես Երևանի ամենամեծ զենքի մատակարար։ Սա նշանակալից է Հնդկաստան-Պակիստան վերջին լարվածության ֆոնին, որտեղ Ադրբեջանը որոշել է աջակցել Պակիստանին։
Նշվել է, որ Հայաստանի հետ կապ հաստատելու Նյու Դելիի որոշումը Կովկասյան տարածաշրջանում հենարան ձեռք բերելու փորձ է այնտեղ, որտեղ Հնդկաստանը երբեք գոյություն չի ունեցել։
2020 թվականին Հնդկաստանի հետ պաշտպանական համաձայնագիր կնքելուց հետո՝ 2022 թվականին, ՀՀ-ն պատվիրել է 15 «Ակաշ» հրթիռային համակարգ 720 միլիոն դոլարով՝ դառնալով համակարգի առաջին օտարերկրյա գնորդը: Նյու Դելին նաև Հայաստանին կվաճառի «Պինակա» բազմակի արձակման հրթիռային համակարգեր: Երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը շարունակվել է, և նախկին Խորհրդային Հանրապետությունը դարձել է Հնդկաստանից զենքի ամենամեծ ներմուծողը:
Երկու երկրները 2023 թվականին ստորագրել են ավելի շատ պաշտպանական պայմանագրեր, և Հնդկաստանը հարավկովկասյան երկրին առաջարկել է բազմակի հրթիռային համակարգեր, հակատանկային հրթիռներ և զինամթերք։ 2023 թվականին Երևանը ռազմական կցորդ է ուղարկել՝ երկու երկրների միջև առկա պաշտպանական ծրագրերը համակարգելու համար։
Մինչ այդ՝ Ռուսաստանը 2011-ից 2020 թվականներին Հայաստանի ամենամեծ զենքի մատակարարն էր։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ Ռուսաստանը 2016 թվականին Հայաստանին վաճառել է «Իսկանդեր» կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ՝ մոտավորապես 300 կիլոմետր հեռահարությամբ, և չորս «Սու-30ՍՄ» մարտական ինքնաթիռներ՝ 2019 թվականին։
Սակայն, ինչպես գրել է պարբերականը, Հնդկաստանի և Հայաստանի հարաբերություններն ավելին են, քան պարզապես զենքի վաճառք։ Դրանք ավելի են խորացել 2020 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կրկին սրվեց։ Փորձելով համաձայնության գալ Թուրքիայի հետ՝ Պակիստանը աջակցել է Ադրբեջանին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ պակիստանյան զորքերը կռվում են Հայաստանի դեմ՝ համագործակցելով ադրբեջանական բանակի հետ Ղարաբաղում։ Իսլամաբադը հերքել է մեղադրանքը՝ այն անվանելով անհիմն։
2017 թվականի սկզբին Պակիստանը եռակողմ պայմանագիր է ստորագրել Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
Հնդկաստանի և Պակիստանի միջև տեղի ունեցած բախումները էլ ավելի են խորացրել բաժանարար գծերը։ Հնդկաստանը բանակցություններ է վարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ։ Մյուս կողմից՝ Պակիստանը կարող է մերձենալ Թուրքիային, որպեսզի կարողանա ավելի լավ դիրք գրավել իսլամական աշխարհի քաղաքականության մեջ։ Սա կարող է էլ ավելի հեռացնել Հայաստանին Պակիստանից։
Նյութը՝ ABC MEDIA
Add new comment