Submitted by detq-editor on
Էրդողանի խոսնակը  Վաշինգտոնում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Էրդողանի խոսնակը Վաշինգտոնում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ շփումները կայացել են Թուրքիայի ներկայացուցչի՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն կատարած այցի շրջանակում։

Նշվել է, որ բանակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի, ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության, էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացների, ռուս-ուկրաինական պատերազմի, Հարավային Կովկասի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ընդգծվել է, որ Թուրքիան շարունակելու է պայքարել բոլոր այն ուժերի դեմ, որոնց համարում է «ահաբեկչական»։

Հիշեցնենք՝ Իբրահիմ Քալընը մասնակցել է թուրք-ամերիկյան բիզնես ֆորումին, որը կազմակերպվել էր ԱՄՆ առևտրային պալատի և Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքների բորսաների միության կողմից: Ըստ նրա՝ թուրք-ամերիկյան առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարի գերազանցել է 35 մլրդ դոլարը, ինչը, Քալընի դիտարկմամբ, գոհացուցիչ է: Սակայն առաջիկայում նպատակ կա այդ ցուցանիշը հասցնել 100 միլիարդ դոլարի: Քալընը նաև ընդգծել է ռազմավարական երկխոսության անհրաժեշտության մասին։

Add new comment