ԱՄՆ-ն մտադիր չէ հրաժարվել Սև ծովի վրայով թռիչքներից
ԱՄՆ-ն չի դադարեցնի թռիչքները Սև ծովի վրայով այն բանից հետո, երբ այնտեղ բախվել են ռուսական կործանիչն ու ամերիկյան անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Եթե միջադեպն ազդանշան լիներ ռուսներին, որ նրանք ցանկանում են հետ պահել ԱՄՆ-ին Սև ծովի վրայով միջազգային օդային տարածքում թռչելուց, ապա նման քայլը ձախողվելու էր:
«Մենք կշարունակենք թռչել և գործել միջազգային օդային տարածքում միջազգային ջրերի վրայով: Սև ծովը ոչ մի երկրի չի պատկանում։ Եվ մենք պատրաստվում ենք շարունակել անել այն, ինչ անհրաժեշտ է՝ ապահովելու մեր ազգային անվտանգության շահերն աշխարհի այս հատվածում»,- ասել է Քիրբին։
Նա նաև նշել է, որ Սև ծովի վրա ամերիկյան անօդաչու թռչող սարքերի առկայությունը նորություն չէ։ «Մենք արդեն մեկ տարի շարունակ թռչում ենք այս օդային տարածքի վրայով։ Միջազգային օդային տարածք թռչելուց առաջ մեզ պետք չէ ինչ-որ գրանցում անցնել ռուսների հետ»,- հավելել է Քիրբին։
Add new comment