Հետգաղութային շրջանի քաղաքական և սոցիալական իրավիճակը Մերձավոր Արևելքում
Արաբական աշխարհը դարեր շարունակ աչքի է ընկել տարածաշրջանային բարդ և համապարփակ խնդիրներով, որոնք տարածում են գտել արաբական գրեթե բոլոր երկրներում՝ ձգվելով Հյուսիսային Աֆրիկայից մինչև Արաբական ծոց՝ իրենց նշանավոր հանգուցալուծումը գտնելով Մերձավոր Արևելքում։
Ուսումնասիրելով Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանները պատմական որոշ աղբյուրների և գրական աշխատությունների միջոցով՝ կփորձենք որոշակիորեն լուսաբանել ժամանակակից արաբական աշխարհը ձևավորած պատմական իրադարձությունների որոշ բարդություններ։ Ուսումնասիրությունը նաև լույս կսփռի տարածաշրջանում առկա հասարակական, ռազմական, քաղաքական, տնտեսական և միջազգային շահերի ու ներքին խնդիրների վրա։
«Հետգաղութային» հասկացությունը քննարկումներ է առաջացրել հասարակական, քաղաքական, պատմական և մշակութային ուսումնասիրությունների համատեքստում, քանի որ հենց այս տերմինի վերաբերյալ բանավեճերն ապահովել են մի կարևոր առանցք, որի շուրջը պտտվում են քաղաքական ինքնության քննարկումները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մերձավոր Արևելքում եվրոպական գաղութային քաղաքականության քայքայումից հետո առաջացան հետգաղութային մի շարք պետություններ: Բազմաթիվ բանավեճեր են տեղի ունեցել այն մասին, թե որքանով է պետք շեշտը դնել այս պետությունների հետգաղութային բնույթի և նրանց քաղաքական ինքնության վրա:
Հետգաղութային հասկացությունը երբեմն օգտագործվում է որոշակի տեսակի պետություն և որոշակի քաղաքականություն նկարագրելու համար: Մերձավոր Արևելքում գաղութային կայսրություններից դուրս եկած պետությունները հաճախ ժառանգում էին գերտերությունների վերահսկողության ներքո գործող կառույցներ։
Ի հայտ եկած առաջնորդներից շատերը եղել են ռազմական սպաներ, որոնք ծառայել են անգլիացիների, ֆրանսիացիների կամ նույնիսկ օսմանցիների ղեկավարած բանակներում: Տարածաշրջանի ներքին անվտանգության ծառայություններից շատերը, ինչպիսին է Սադամ Հուսեյնի գաղտնի ոստիկանությունը, ստեղծվել են գաղութային տերությունների, Իրաքի դեպքում՝ բրիտանացիների կողմից:
Այս ինստիտուտները նախագծել են գաղութային տերությունները՝ բնակչությանը վերահսկելու համար: Այլ կերպ ասած՝ դրանք նախատեսված էին պետությունը սեփական ժողովրդից, այլ ոչ թե արտաքին զինված ուժերից պաշտպանելու համար: Ոմանց պնդմամբ՝ այդ հաստատությունները շարունակեցին կատարել նշված գործառույթը գաղութային կայսրությունների անկումից հետո: Եվ զարմանալի չէ, որ գաղութատիրության ավարտից հետո ի հայտ եկած պետություններից շատերը ոչ ժողովրդավարական էին:
Այնուամենայնիվ, Առաջին աշխարհամարտը վճռական դեր խաղաց արաբական երկրների և հատկապես արաբների համար։ Առաջին աշխարհամարտի պատմությունն օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես է պատմական անցյալը պատասխանատու Մերձավոր Արևելքում առկա խառնաշփոթի համար: Պատմաբանները լայնորեն լուսաբանել են Եվրոպայում Առաջին համաշխարհային պատերազմի պատճառած ավերածությունները, բայց Արևմուտքում շատերը չեն գիտակցում, թե որն է ավերածությունների և ցնցումների իրական պատկերը Մերձավոր Արևելքում:
Մերձավոր Արևելքում կորուստները ցնցող էին. պատերազմը ոչ միայն ավերեց երկրները և ոչնչացրեց բանակները, այլև ոչնչացրեց ամբողջ հասարակություններ և տնտեսական համակարգ: Այս կերպ Առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությունը Մերձավոր Արևելքում, թերևս, ավելի նման է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ազդեցությանը: Սոցիալական, տնտեսական և հոգեբանական ազդեցությունները խոր և կործանարար էին:
Ըստ Ռոջեր Օուենի՝ «Առաջին աշխարհամարտի ընթացքում բրիտանացիներից և ֆրանսիացիներից Օսմանյան կայսրության կրած ռազմական պարտությունն արմատական փոփոխություն առաջացրեց ողջ Մերձավոր Արևելքում»:
Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները գաղտնի համաձայնվեցին բաժանել Օսմանյան կայսրության ավարը միմյանց միջև, ինչպես նաև առաջ մղել իրենց իմպերիալիստական հետաքրքրությունները: Հենց այս պատմական իրադարձությունն էր, որը ստացավ Սայքս-Պիկոյի համաձայնագիր անվանումը: Այսպիսով՝ պատերազմի ավարտին Անգլիան գրավեց Լևանտը և Միջագետքը, իսկ Ֆրանսիան՝ Սիրիան և Լիբանանը. «գաղութացում», որն օրինականացվել է Ազգերի լիգայի և հաստատվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից: Արաբական մնացած տերությունների համար ևս նույն գործընթացն արդեն իսկ իրականացվում էր: Բրիտանիան արդեն Եգիպտոսում էր 1882 թվականից, 1911 թ. Իտալիան ներխուժեց Լիբիա, իսկ Ֆրանսիան էլ իր հերթին 1830 թ. գրավեց Ալժիրը, որին հաջորդեցին համապատասխանաբար Թունիսն ու Մարոկկոն 1881 և 1912 թթ.: Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի շրջանին, ապա Մեծ Բրիտանիայի կայսերական ջանքերը սկսվել էին 1820 թվականից ի վեր, երբ Անգլիան հիմնադրեց Բահրեյնը՝ որպես ռազմավարական կենտրոն: Արաբական թերակղզու արևելքում գտնվող փոքր էմիրություններն ընկնում էին Բրիտանիայի տիրապետության տակ, իսկ ամերիկյան ընկերությունները սկսեցին նավթ որոնել Սաուդյան Արաբիայում 1930-ականներին:
Մեկ այլ կարևոր իրադարձություն վերաբերում էր Պաղեստինի տարածաշրջանում Իսրայելի մանդատին. խոսքը 1917 թ. նոյեմբերի 2-ի Բալֆուրի հռչակագրի մասին է: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար լորդ Արթուր Ջեյմս Բալֆուրը նամակ ուղարկեց ջերմեռանդ սիոնիստ բարոն Էդմունդ դե Ռոտշիլդին՝ փոխանցելով իր խնդրանքը` օգնելու հրեա ժողովրդին հաստատվելու հարցում, որն իրենից ներկայացնում էր «ազգային տուն Պաղեստինում» գաղափարախոսությունը։
Կարևոր է ուշադրություն դարձնել պաղեստինցիների կարգավիճակին. նրանց անունը չի հիշատակվում որպես տարածաշրջանի բնակիչներ, չնայած 1914 թ. պաղեստինցիների թիվը շուրջ 683.000 էր, մինչդեռ Պաղեստինում ապրող հրեաների թիվը՝ 60.000, որից 36.000-ը նոր ներգաղթածներն էին: Պաղեստինցիների արտագաղթը նույնպես մեծ կարևորություն է ներկայացնում արաբական ինքնության խնդրի համատեքստում։
«Բալֆուրի հռչակագիրը» դարձավ իրավական գործիք, որում նախանշվում էին այն ընթացակարգերը, որոնք բրիտանացիները կիրառում էին Պաղեստին հրեական գաղթը «հեշտացնելու» համար: Բրիտանական կառավարության առաջին բարձր կոմիսար սըր Հերբերտ Սամուելը, որը բացարձակ սիոնիստ էր, 1920-1925 թթ. իր մեծ դերն ունեցավ Բալֆուրի հռչակագրի մեկնաբանության և հրեա վերաբնակիչների համար ենթակառուցվածքներ ստեղծելու գործում, ինչն էլ իր հերթին կարևոր հիմք հանդիսացավ հրեական պետության ստեղծման գործում:
Ըստ Սահար Հունեյդիի՝ «Սամուելի վարչակազմը մանդատի ձևավորման ժամանակաշրջանում ակտիվորեն ծառայում էր որպես բալֆուրյան հռչակագրի և սիոնիզմի միջև առանցքային կապը պահող գործիք, և վերջինս ապահովում էր այն տեմպը, որը հնարավոր էր դարձնում վերջնական պետականության հաստատմանը հասնելը»: Արդյունքում հեշտացավ նաև հրեաների գաղթը Պաղեստին, մի շարք ինստիտուտներ խրախուսում էին հողերի գնումը նոր վերաբնակիչների կողմից, իսկ քաղաքական, տնտեսական և վարչական օրենսդրությունը երաշխավորում էր հրեական աճող համայնքի պաշտպանությունը։
Իսրայելը անկախ պետություն հռչակվեց 1948 թ. մայիսի 14-ին: Բրիտանական կառավարությունն ավարտեց մանդատը՝ դուրս գալով Պաղեստինից 1948 թ. մայիսի 15-ին: Մոտ 750.000 պաղեստինցի կորցրեց իր հայրենիքը՝ դառնալով փախստական: Ստեղծված իրավիճակը բնորոշելու համար էլ առաջացավ «նաքբա» եզրույթը (արաբ.՝ \ كبة - աղետ):
Արաբական երկրների ժամանակակից քաղաքական և հասարակական պատկերը ստանալու համար շատ կարևոր է ուսումնասիրել 2010 թ.-ից ի վեր արաբական աշխարհում սկիզբ առած հակակառավարական լայնածավալ շարժումները, որոնք Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում և Եմենում ուղեկցվեցին իշխանափոխությամբ, իսկ արաբական այլ երկրներում` հասարակական հուժկու ցույցերով՝ հայտնի դառնալով այսպես կոչված «արաբական գարուն» անունով, որին քաղաքական զարթոնքի նշանակություն տրվեց։
Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի (Մաղրիբ) մի շարք երկրներում սկսված հակակառավարական ցույցերն աննախադեպ չէին, ինչպես սխալմամբ նշում էին շատ ու շատ հետազոտողներ: Արաբական երկրների նորագույն պատմության վերջին շրջանում արդեն երկրորդ անգամ է, ինչ «արաբական փողոցը», անտեսելով վարչակարգերի կողմից իրականացվող բռնաճնշումները, նման կերպ ընդվզում է: Հուզումների վերջին նմանօրինակ ալիքը կապված էր 20-րդ դարի առաջին կեսին տարածաշրջանում խմորվող ազգային-ազատագրական շարժումների հետ, որոնք այն ժամանակ ուղղված էին արտաքին ուժերի դեմ: Միտված լինելով հասարակական-քաղաքական բարեփոխումների իրականացմանն ու ժողովրդավարության հաստատմանը` «արաբական գարունն» իրականում որոշակիորեն բարդ և խրթին իրավիճակներ ստեղծեց արաբական երկրներում։ «Արաբական գարնան» հետևանքով արաբական աշխարհում խախտվեց ներքաղաքական կյանքի հավասարակշռությունը, իսկ զարգացման հեռանկարները հետին պլան մղվեցին:
«Արաբական գարունը» հանգեցրեց փախստականների երկու խոշոր ճգնաժամի, նախկինում Լիբիայում և ներկայումս Սիրիայում: Լիբիայից գաղթողներից ավելի քան մեկ միլիոնից միայն 25.000-ն է հասել Եվրոպա, իսկ Սիրիայից գաղթող 100.000-ից ընդամենը մի քանի հարյուր մարդ է այսօր Եվրոպայում: Չնայած մեկնարկել է Հյուսիսային Աֆրիկայում գտնվող՝ իրենց հայրենիքի շրջակայքում փախստականներին անվտանգ տեղավորելու համար տարածաշրջանային պաշտպանության ծրագիր, Եվրոպայում վերաբնակեցման քաղաքականության ուղղությամբ նշանակալի քայլ դեռ չի կատարվել: «Արաբական գարնանը» հաջորդող աղետից դուրս գալու համար աջակցում էին հարևան արաբական պետությունները և Թուրքիան: Կառավարությունները և միջազգային կազմակերպությունները նույնպես իրենց մասնակցությունն ունեցան, բայց զգալի աջակցություն ցուցաբերեցին նաև քաղաքացիական հասարակությունն ու տեղի բնակչությունը:
ԵՄ-ն և նրա անդամ երկրներն արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձային փոփոխությունները դիտում էին որպես եզակի քաղաքական հնարավորություն ոչ միայն արաբ ժողովուրդների, այլև Միջերկրական ծովի տարածաշրջանի և այդ երկրների հետ Եվրոպայի բազմաբնույթ կապերի համար: Ուստի ԵՄ-ն ընդլայնեց իր ուշադրությունը տարածաշրջանում ժողովրդավարության խթանման նկատմամբ:
Ստեղծված քաղաքական իրավիճակի արդյունքում արաբական աշխարհը մեծապես կորցրեց իր պատմական և մշակութային պատկերը, որը ներառում էր հազարամյակների պատմություն։ Մեծաթիվ բնակչություն դարձավ փախստական կամ էլ քաղաքական և ռազմական ճնշումների զոհ գնաց։
Սիրիայում ինը տարվա պատերազմից հետո Լիբանանում գրանցվեց ավելի քան 900.000 սիրիացի փախստական
2020 թվականի մայիսի դրությամբ Լիբանանում գույություն ունի 892.310 սիրիացի փախստական: Փախստականները հիմնականում ապրում են հյուսիսում և արևելքում գտնվող քաղաքային շրջաններում կամ «ոչ ֆորմալ» ճամբարներում: Քաղաքական որոշմամբ ՝ փախստականների ոչ մի պաշտոնական ճամբար չի ստեղծվել:
Հիմնական խոչընդոտները, որոնց բախվում է այս բնակչությունը, նյութական դժվարություններն են և իրավական փաստաթղթերի նորացումը, ինչի հետևանքով էլ Լիբանանի կառավարության կողմից սահմանափակող քաղաքական համակարգի զարգացումը և ընդունող համայնքների հետ հարաբերությունների վատթարացումը, աճող գնաճը, սահմանափակ հասանելիությունը դեպի առողջապահության ոլորտ, բնակարանային վատ պայմանները, տնտեսական խոցելիությունը, գործազրկությունը և աշխատանքի անապահովությունը, մանկական աշխատանքն ու ամուսնությունը, ինչպես նաև աճող դժվարությունները հասել էին այն մակարդակի, որ չնայած ներառական լուծում գտնելու դիվանագիտական ջանքերն անհաջող են, Ռուսաստանը և Իրանը շարունակում են Ալ-Ասադին տեսնել որպես Սիրիայի միակ հնարավոր ելք՝ կարգավորելու և բարելավելու ստեղծված քաղաքական իրավիճակը:
Սիրիայի՝ մշտապես ծանր քաղաքական և սոցիալական իրավիճակում գտնվելը հանգեցրել էր մեծ թվով սիրիացիների գաղթին Լիբանան։ Ուստի կարելի է ասել, որ Սիրիան երկար տարիներ՝ 1976 թ. հունիսից ի վեր, երբ նրա զորքերը մտան քաղաքացիական պատերազմով ավերված երկիր, խոր արմատներ ուներ Լիբանանում:
1980-ականների ողջ ընթացքում սիրիական ուժերը պայքարում են լիբանանյան մի շարք զինյալների դեմ քաղաքացիական պատերազմում: Նրանք նաև կռվել են իսրայելական զորքերի դեմ, որոնք Լիբանան են մտել երկու անգամ՝ 1978 և 1982 թվականներին:
Արդյունքում 2005 թ. ապրիլին Լիբանանից սիրիական զորքերի դուրսբերումն ավարտեց երկրում 30-ամյա ներկայությունը, սակայն Լիբանանն արդեն կանգնած էր նոր քաղաքական գործընթաց կառուցելու խնդրի առջև:
Add new comment