Հուլիսյան հեղափոխությունը Եգիպտոսում
Եգիպտոսը հետպատերազմյան առաջին տարիներին
Հետպատերազմյան առաջին 5 տարիներին՝ մինչև 1950 թ., Եգիպտոսի կառավարումը գտնվում էր «փոքրամասնության» կուսակցությունների կոալիցիայի ձեռքում, որի միջուկը կազմում էին սաադականները և լիբերալները, ինչ վերաբերում է «Վաֆդ» կուսակցությանը, ապա այն գտնվում էր ընդդիմության ճամբարում: Եգիպտոսի հետպատերազմյան քաղաքական կյանքում շատ ակտիվ գործունեություն էր ծավալել «Մուսուլման եղբայրներ» կրոնաքաղաքական կազմակերպությունը: Ալ-Բաննան և կազմակերպության մյուս ղեկավարները կարծում էին, որ Եգիպտոսը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ, որից ելքը նրանք տեսնում էին թեոկրատիայի հաստատման մեջ:
Ղուրանը նրանք համարում էին միակ ընդունելի սահմանադրությունը, նրանց գլխավոր պահանջներից էր նաև պայքարն օտարերկրյա տիրապետության դեմ. պետք է խոստովանել, որ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը զգալի ազդեցություն ուներ եգիպտական հասարակության տարբեր խավերի վրա:
Հետպատերազմյան շրջանի Եգիպտոսի քաղաքական կյանքի բնորոշ գծերից մեկն էլ այն էր, որ սոցիալական և հակաիմպերիալիստական խնդիրները գնալով միախառնվում էին, ինչի շնորհիվ այդ շարժումները դառնում էին ավելի վտանգավոր: Կրկին գլխավոր հարց դարձավ անգլո-եգիպտական պայմանագրի խնդիրը, սկսվեցին նոր բանակցություններ, 1946 թ. հոկտեմբերի 25-ին ստորագրվեց նոր պայմանագիր, որի հիմնական կետերն էին՝ ա. անգլիական զորքերի դուրսբերում Եգիպտոսից 3 տարվա ընթացքում, բ. անգլիական բազաների պահպանում Եգիպտոսում, գ. անգլո-եգիպտական համատեղ պաշտպանության խորհրդի ստեղծում, դ. Սուդանի կարգավիճակի պահպանում: Պայմանագիրը բնականաբար չընդունվեց, և սկսվեց համաեգիպտական պայքար ընդդեմ այս պայմանագրի:
Այս մթնոլորտում Եգիպտոսի խորհրդարանը հրաժարվեց պայմանագիրը վավերացնելուց, Սիդկին հրաժարական տվեց: Նրան վարչապետի պաշտոնում փոխարինած Նուկրաշին 1947 թ. հուլիսին հարցը դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը: Սակայն Անգլիայի դիրքի պատճառով քննարկումը չհանգեցրեց որևէ որոշման ընդունման: Լարվածությունն էլ ավելի ուժեղացավ 1948 թ. արաբա-իսրայելական առաջին պատերազմում արաբական երկրների ռազմական պարտության պատճառով: Եգիպտոսի կառավարող վերնախավի դեմ բացահայտ կերպով հանդես եկավ «Մուսուլման եղբայրները»
Նուկրաշիի կառավարությունը 1948 թ. դեկտեմբերին արգելեց այս կազմակերպությունը, և սկսվեցին նրա անդամների զանգվածային ձերբակալությունները: Սակայն դա չհաղթահարեց այն համապարփակ ճգնաժամը, որի մեջ հայտնվել էր Եգիպտոսը: Ստեղծված վիճակից ելք գտնելու մի շարք անհաջող փորձերից հետո 1950 թ. հունվարին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնք ավարտվեցին Հիզբ ալ-Վաֆդի հաղթանակով: Բայց շատ շուտով՝ 1952 թ. հունվարին, պալատը կատարեց պետական հեղաշրջում, Մուստաֆա Նահասի վաֆդական կառավարությունը հեռացվեց:
«Ազատ սպաներ»
Եգիպտոսն ապրում էր համակարգային խոր ճգնաժամ: Նախկին թագավորական համակարգն իրեն արդեն սպառել էր: Անհրաժեշտ էին նոր ուժեր, նոր գաղափարներ, մոտենում էր Եգիպտոսի պատմության շրջադարձային փուլը: Եվ այդ փուլը կապված է «Ազատ սպաներ» գաղտնի զինվորական կազմակերպության և նրա հիմնադիր ղեկավար Գամալ Աբդել Նասերի անվան հետ: Եգիպտական զինվորական ակադեմիան 1936 թ. սկսած համալրվեց միջին խավերի ներկայացուցիչներով, որոնք դարձան եգիպտական բանակի ապագա լեյտենանտներ, կապիտաններ, մայորներ և գնդապետներ: Նրանք խորապես հետաքրքրված էին քաղաքական իրադարձություններով ու հասարակության սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով: Նրանց մեջ էին ապագա ազատ սպաները, նաև Նասերը:
Ակադեմիան ավարտելուց հետո Նասերը 1938 թ. նշանակում է ստանում Մանկաբադում տեղակայված եգիպտական կայազորում, որտեղ և ծանոթանում է իր ապագա զինակիցներ Անվար Սադաթի և Զաքարիա Մոհի ադ-Դինի հետ: 1938 թ. նրանք երդվում են իրենց կյանքը զոհաբերել Եգիպտոսից օտարերկրյա ուժերի դուրսբերման և եգիպտական բանակի վերակազմավորման համար: Ըստ որոշ տեսակետների՝ հենց այս տարեթիվն էլ համարվում է «Ազատ սպաների» կազմավորման սկիզբը: Պաղեստինյան առաջին պատերազմի ժամանակաշրջանը կարևոր նշանակություն ունեցավ «Ազատ սպաների» համար, այն ավելի վճռական դարձրեց հայրենասեր սպաներին՝ Եգիպտոսն ազատագրելու ծախու թագավորական վարչակարգից և օտարերկրյա ազդեցությունից: Կազմակերպվեցին կոմիտեներ, որոնք 4-ն էին՝ գրոհային, տնտեսական, անվտանգության և ահաբեկչության: Վերջապես ձևավորվեց «Ազատ սպաներ» կազմակերպության բարձրագույն մարմինը՝ Գործադիր կոմիտեն, որի նախագահ ընտրվեց Աբդել Նասերը:
Հուլիսյան հեղափոխությունը
Հեղափոխության համար Եգիպտոսում հասունացել էին բոլոր պայմանները, մնում էր նշանակել նրա իրականացման կոնկրետ ժամկետը, որը «Ազատ սպաներ» կազմակերպության Գործադիր կոմիտեի իրավասությունն էր: Հեղափոխության իրականացման ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական հարցերը մանրամասն մշակված էին Նասերի կողմից: 1952 թ. հուլիսի 23-ի վաղ առավոտյան «Ազատ սպաներին» հավատարիմ զինվորները 7 սպայի գլխավորությամբ գրավեցին Եգիպտոսի բանակի գլխավոր շտաբը, որը տեղակայված էր Աբասիայում, և ձերբակալեցին բանակի հրամանատարությանը՝ չհանդիպելով գործնականում որևէ լուրջ դիմադրության: Հեղափոխական ուժերը գործում էին շատ արագ և հստակ: Գործելով հեղափոխությունների դասական մոդելով՝ նրանք մի քանի ժամվա ընթացքում հսկողություն սահմանեցին նախ և առաջ Կահիրեի կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների՝ ռադիոկայանների, հեռագրի և հեռախոսի վարչությունների, կայարանի, կամուրջների, օդանավակայանների վրա: Նրանք գրավեցին իշխանությունը Կահիրեում, որը մեծ նշանակություն ունեցավ հեղափոխության հետագա զարգացման համար:
1952 թ. հուլիսի 23-ին Կահիրեի ռադիոն տեղյակ պահեց մայրաքաղաքի և ամբողջ երկրի բնակչությանը, որ երկրում կատարվել է հեղափոխություն: Հեղափոխությունը հուլիսի 26-ին հաղթանակեց իր նշանակությամբ Եգիպտոսի 2-րդ քաղաքում՝ Ալեքսանդրիայում: Ամբողջ իշխանությունը կենտրոնացվեց «Ազատ սպաների» Գործադիր կոմիտեի ձեռքում, որը վերակոչվեց Հեղափոխության ղեկավարության խորհուրդ (ՀՂԽ): Հեղափոխության հաղթանակից հետո Նասերը նախընտրեց գործել վարագույրի հետևում և առաջաբեմում թողնել գեներալ Մուհամմադ Նագիբին՝ նրան ձևականորեն հանձնելով պետական, կառավարական և ռազմական բոլոր կարևոր պաշտոնները: Վարչապետի պաշտոնում նշանակվեց Ալի Մահիրը: ՀՂԽ-ն ձեռնամուխ եղավ մի շարք հին ինստիտուտների վերացմանը, որոնք հատկապես ատելի էին եգիպտացիների համար: Վերացվեցին քաղաքական ոստիկանությունը և ներքին գործերի նախարարության հատուկ բաժինը:
Երբ տեղի ունեցավ հուլիսի 23-ի հեղափոխությունը, «Ազատ սպաները» չուներ որևէ մշակված ծրագիր և հստակ գաղափարախոսություն: Իշխանությունը գրավելուց հետո Նասերը և նրա զինակիցները հասկացան, որ երկիրը չի կարելի կառավարել հընթացս ընդունվող որոշումներով կամ հարկադրական քայլերով: Նասերը հեղափոխությունից հետո շատ կարճ ժամանակաշրջանում գրեց և հրատարակեց «Հեղափոխության փիլիսոփայություն» աշխատությունը: Գրքում նա առաջ քաշեց այն տեսակետը, որ բոլոր ազգերն անցնում են 2 հեղափոխության միջով՝ քաղաքական և սոցիալական: Քաղաքական հեղափոխության միջոցով ազգը հաստատում է իր ինքնակառավարման իրավունքն ընդդեմ բռնակալության, իսկ սոցիալական հեղափոխության ընթացքում հասարակության դասակարգերը կռվում են միմյանց դեմ, մինչև որ բոլոր քաղաքացիների համար արդարություն չի ապահովվում, և երկրում կայունություն չի հաստատվում: 1954 թ. ապրիլի 16-ին Նասերը նշանակվեց վարչապետ: 1956 թ. հունիսի 23-ին եգիպտացիների դատին հանձնվեց նոր սահմանադրությունը: Կայացավ համաժողովրդական հանրաքվե, որը հաստատեց Եգիպտոսի նոր հիմնական օրենքը: Դրա ընդունումը նշանակում էր հանրաքվե՝ հօգուտ նոր պետական կարգի՝ Եգիպտոսի Հանրապետության:
Նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո՝ 1956 թ. հուլիսի 23-ին, Գամալ Աբդել Նասերը համընդհանուր քվեարկությամբ ընտրվեց Եգիպտոսի Հանրապետության նախագահ: Սահմանադրությամբ ամրագրվեցին նոր՝ հեղափոխական ուժերի իշխանությունը և նրանց նվաճումները հանրապետական կարգերի հաստատման, անկախության և սոցիալական վերափոխումների դժվարին ճանապարհին: Ավարտվեց անցման ժամանակաշրջանը, և Եգիպտոսը թևակոխեց զարգացման նոր փուլ:
Add new comment