Իրանի մոտեցումը Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիային
Նախօրեին հայկական լրատվամիջոցներում և փորձագիտական դաշտում տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանական կողմը Հայաստանի հետ սահմանին զինտեխնիկայի խոշոր կուտակումներ է կատարում, և չափազանց մեծ է նոր ագրեսիայի վտանգը։ Ավելի ուշ իրանական մի շարք տելեգրամյան ալիքներ սկսեցին հայտնել, որ երկրի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստվածության առաջին աստիճանի։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող հարձակումները սկսել են կրել պարբերական բնույթ։ Բաքուն, օգտվելով պատերազմի դաշտում իր արձանագրած հաջողություններից, ինչպես նաև այն հանգամանքից, որ Հայաստանի զինված ուժերը դեռևս ամբողջովին չեն վերականգնել իրենց մարտունակությունը, փորձում է Երևանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն վարել, ինչը թույլ կտա առաջիկա բանակցություններում նորանոր զիջումներ կորզել։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ հնարավոր ագրեսիայի մասին մարտի 14-ին կայացած իր ասուլիսի ժամանակ խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նոր էսկալացիայի վտանգը չափազանց մեծ է։
Ադրբեջանական կողմը նոր ռազմական ագրեսիայի միջոցով բնականաբար փորձելու է Հայաստանից նոր տարածքներ օկուպացնել, սակայն այստեղ Բաքվի գերխնդիրը լինելու է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը հասնելը։ Այս նպատակով մեծ հավանականությամբ ադրբեջանական հնարավոր հարձակումը լինելու է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանի ուղղությամբ, քանի որ այդ հատվածն Արցախի օկուպացված շրջանների և Նախիջևանի միջև գտնվող ամենանեղ տարածքն է, այդտեղով է անցնում Սյունիքը Հայաստանի կենտրոնական հատվածին կապող միջպետական ճանապարհը։ Ադրբեջանն իր ագրեսիայի միջոցով փորձելու է ամեն կերպ գրավել նշված հատվածը, ինչը նրան թույլ կտա ուժի միջոցով բացել իր համար այդքան ցանկալի միջանցքը, ինչպես նաև Սյունիքը կտրել Հայաստանից, որը մեր երկրի համար աղետալի հետևանքների կհանգեցնի։
Ստեղծված իրավիճակում անշուշտ դիտորդի կարգավիճակում չի կարող մնալ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանային երկրների սահմանների որևէ փոփոխության անթույլատրելիությունն իր համար կարմիր գիծ է։ Միևնույն ժամանակ իրանական կողմը չափազանց լավ գիտակցում է, որ Հայաստանի տարածքների հնարավոր օկուպացիան լուրջ վտանգներ է պարունակում իր տարածքի համար, քանի որ Արցախի տարածքների օկուպացիայի հետևանքով Թեհրանն ականատես է եղել և լինում, որ դրանք վերածվում են պլացդարմի, իսկ առաջին իսկ հնարավորության դեպքում կիրառվելու են նաև իր դեմ։
Այս համատեքստում Իրանին նախևառաջ անհանգստացնում է իրեն սահմանակից և Արցախի օկուպացված շրջաններում իր թշնամի Իսրայելի ռազմական ներկայությունը, որը տարբեր կազմակերպությունների անվան տակ ռազմական ներկայություն է հաստատել այդ տարածքներում։ Ասվածի ապացույց է նաև այն հանգամանքը, որ օրեր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները համատեղ հայտարարությամբ Իրանին մեղադրեցին իրանա-ադրբեջանական փաստացի սահմանին չափազանց մոտ՝ Կովսականի ուղղությամբ (Զանգելան – խմբ.) ռազմական ինքնաթիռի միջոցով թռիչք կատարելու մեջ, ինչն Ադրբեջանում մեծ հիստերիա էր առաջացրել։ Չնայած իրանական կողմը հերքեց սահմանին մոտենալու կամ այն հատելու վերաբերյալ Բաքվի մեղադրանքները, այնուամենայնիվ կարծում ենք, որ թռիչքն իրականացվել էր հետախուզական նպատակներով։ Նկատենք, որ Իսրայելը չափազանց մեծ ներկայություն ունի հենց օկուպացված և Իրանին սահմանակից Կովսականում։
Միևնույն ժամանակ Իրանի կողմից իր զորքերը մարտական պատրաստվածության առաջին աստիճանի բերելու տեղեկությունն ուղղված էր նաև Միացյալ Նահանգների դեմ, քանի որ վերջինս Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի մակարդակով աջակցություն էր հայտնել Ադրբեջանին՝ նշելով, թե, իբր, Իրանը տարածաշրջանում զբաղվում է չարամիտ գործունեությամբ՝ սպառնալով իր մոտիկ ու հեռու հարևաններին։ Բացի դրանից՝ կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն և Իսրայելը նպատակ ունեն Ադրբեջանն օգտագործելու որպես պլացդարմ՝ Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու համար։ Ամիսներ առաջ՝ Բաքվի և Թեհրանի միջև հերթական լարվածության ժամանակ, ամերիկյան կողմն աջակցություն էր հայտնել Ադրբեջանին։
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ տարածաշրջանում ներկայումս ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ, որն ամեն պահի կարող է հանգեցնել նոր ռազմական գործողությունների։ Ռազմական գործողություններն ուղղված են լինելու ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության համար առաջնային հրամայական է հայկական զինված ուժերի մարտունակության բարձրացումը, ինչը թույլ կտա զսպել մեր երկրի դեմ հարևան, բայց ոչ բարեկամ երկրների ցուցաբերած հավակնությունները։
#Դետքի_հետագծով
Հեղինակ՝ Դավիթ Գույումջյան
Add new comment