ԻՀՊԿ-ն նախազգուշացնում է ցանկացած հարձակման նկատմամբ կոշտ արձագանքի մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ կորպուսը հաստատակամ է արձագանքել Իրանի դեմ ցանկացած հարձակման։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Թանգսիրին հայտնել է, որ «Շահիդ Մահդավի» մարտական աջակցության նավը համալրվել է 300-ից 750 կիլոմետր հեռահարությամբ թևավոր հրթիռներով «Սեպեհր-7» ուղղահայաց անօդաչու սարքերով և 1300 կիլոմետր հեռահարությամբ կամիկաձե անօդաչու թռչող սարքերով:
Իրանցի հրամանատարի հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ դեպի օվկիանոս ընթացող ռազմանավը միացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմին։ Բացի դրանից՝ նա հայտնել է նաև, որ ԻՀՊԿ-ի նավատորմի «Tareq» դասի նավերը համալրվել են հրթիռներով, որոնք ունեն 180 կիլոմետր հեռահարություն։
Իրանցի գեներալը հավելել է, որ Իրանի որոշ հարևաններ տարածաշրջանում հենարան են տվել սիոնիստներին (Իսրայել - խմբ.)։ «Սակայն նրանք պետք է իմանան, որ եթե մեզ վրա քար նետեն, մենք կպատասխանենք։ Եթե մեր նավերը խնդրի առաջ կանգնեն, իրանական խիզախությունը դա անպատասխան չի թողնի»,- եզրափակել է նա։
Add new comment