
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել երկրի ողջ տարածքում՝ Իսրայելի հնարավոր հարվածի լուրերի ֆոնին
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել երկրի ողջ տարածքում։ Այս մասին հաղորդում է իրանական «Մեհր» գործակալությունը, որի փոխանցմամբ՝ զորախաղերը մեկնարկել են իսլամական հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերիի հատուկ հրամանով։
«Զորավարժությունների նպատակն է մեծացնել Իրանի պաշտպանական հզորությունը, օպերատիվ պատրաստության մակարդակն ու զսպման կարողությունները», - հայտարարել է Բաղերին։
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Իրանը փոփոխություններ է կատարել 2025 թվականի զորավարժությունների պլանում՝ «հաշվի առնելով աճող տարածաշրջանային սպառնալիքները»։
Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելը դիտարկում է Իրանի դեմ առաջիկա օրերին ռազմական գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը, ամենայն հավանականությամբ՝ առանց ԱՄՆ-ի աջակցության, նույնիսկ այն դեպքում, երբ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի հետ նախնական բանակցություններ է վարում միջուկային ծրագիրը կրճատելու դիվանագիտական գործարքի շուրջ։ Իսրայելն ավելի լուրջ է դառնում Իրանին միակողմանի հարված հասցնելու մտադրության հարցում, քանի որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները, կարծես, ընթանում են նախնական կամ շրջանակային համաձայնագրի ուղղությամբ, որը ներառում է ուրանի հարստացման վերաբերյալ դրույթներ, ինչը Իսրայելը համարում է անընդունելի։
Add new comment