Իրանը և Իրաքը կվերսկսեն Շալամչեհ-Բասրա երկաթուղու շինարարությունը
Իրանի երկաթուղային ընկերության գործադիր տնօրեն Միադ Սալեհին հայտարարել է, որ Թեհրանը և Բաղդադը համաձայնության են եկել Շալամչեհ-Բասրա երկաթուղու շինարարության վերսկսման շուրջ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
«Երեկ և այսօր Բաղդադում կայացած Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի Հանրապետության համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում լավ փոխըմբռնումներ են ձեռք բերվել։
Իրաքի նոր կառավարության պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել երկաթուղային փոխգործակցության՝ հատկապես Շալամչեհ-Բասրա երկաթուղու շինարարության արագացման, ինչպես նաև Իրանի Խոսրավի սահմանային անցակետից երկաթուղային միացում ստեղծելու հարցում»,- իր թվիթերյան էջում գրել է պաշտոնյան։
Երկաթուղային ընկերության գործադիր տնօրենը հայտնել է, որ կողմերը համաձայնվել են վերագործարկել Իրաքի հետ Խոսրավիի սահմանային անցակետը հատող Թեհրան-Քարբալա գնացքը։
Add new comment