Submitted by detq-editor on
Պատերազմի ավարտից հետո վերադարձել է ավելի քան 400 տեղահանված. Ալիև

Պատերազմի ավարտից հետո վերադարձել է ավելի քան 400 տեղահանված. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքվի կողմից օկուպացված տարածքներ է վերադարձել ավելի քան 400 «փախստական»։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարների հետ կայացած հանդիպման ժամանակ։

Նա հայտնել է, որ Ադրբեջանում մեկնարկել է «Մեծ վերադարձ» կոչվող պետական ​​ծրագիրը, որի շրջանակում իրականացվել է առաջին պիլոտային ծրագիրը։

«Պատերազմի ավարտից հետո ավելի քան 400 տեղահանված վերադարձել է իր հայրենի վայրեր և հաստատվել ընդամենը մեկուկես տարվա ընթացքում։ Մեր ծրագիրն է հարյուր հազարավոր նախկին հարկադիր վերաբնակների վերադարձնել իրենց տները, քանի որ հայկական օկուպացիայի արդյունքում մեր մեկ միլիոն հայրենակիցները դարձել են փախստական ու հարկադիր վերաբնակ»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ Ադրբեջանում նախատեսում են վերակառուցման աշխատանքներ իրականացնել այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի ազատագրված տարածքներում»։ Ալիևի խոսքով՝ Արցախում ամբողջովին ավերված է Լիբանան պետության ողջ տարածքի չափ տարածք։

Նշենք, որ պատերազմի ավարտից հետո 400 «փախստական»-ի թիվը չափազանց փոքր է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են օկուպացված շրջաններում շուրջ 1 միլիոն մարդ բնակեցնելու մտադրության մասին։ Սա պայմանավորված է երկու հանգամանքով. նախ՝ Ադրբեջանի քաղաքացիները չեն ցանկանում բնակվել օկուպացված տարածքներում, երկրորդ՝ Ալիևի վարչակազմն իրականում մտադիր չէ բնակեցնել այդ տարածքները և ցանկանում է դրանք օգտագործել որպես պլացդարմ Հայաստանի դեմ։

Add new comment