Մակրոնն ԱԷՄԳ-ին կոչ է անում հնարավորինս շուտ վերսկսել առաքելությունն Իրանում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործաալությունը (ԱԷՄԳ) պետք է կարողանա անհապաղ վերսկսել իր գործունեությունն Իրանում։ Այս մասին նա գրել է X միկրոբլոգում Ելիսեյան պալատում ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո:
Մակրոնը վստահեցրել է, որ Փարիզն աջակցում է ԱԷՄԳ-ին։
«Ֆրանսիան ամուր կանգնած է ԱԷՄԳ-ի կողքին, որի դերը կենսական նշանակություն ունի միջուկային անվտանգության համար։ Անհրաժեշտ է, որ գործակալությանը թույլատրվի վերսկսել իր առաքելությունն Իրանում»,- նշել է Մակրոնը։
Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատել են օրինագիծ Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ:
Գործակալության աշխատակիցներին չի թույլատրվում մուտք գործել երկիր՝ ստուգումներ անցկացնելու համար, քանի դեռ Իրանի միջուկային օբյեկտների անվտանգությունը և խաղաղ միջուկային գործունեությունը երաշխավորված չեն:
Add new comment