Քուվեյթյան ճգնաժամ
Իրաքա-իրանյան պատերազմից հետո Սադամ Հուսեյնի հերթական անհեռանկատ քայլը դարձավ միջազգային նոր ճգնաժամի պատճառ: 1990 թ. օգոստոսի 1-ի գիշերը իրաքյան զորքերն Իրաքի նախագահ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար մարշալ Հուսեյնի հրամանով անցան իրաքա-քուվեյթյան սահմանը, ներխուժեցին հարևան Քուվեյթ և առանց դժվարության արագորեն գրավեցին այն: Քուվեյթում կառավարող Աս-Սաբահների դինաստիան տապալվեց, էմիր Ջաբր ալ- Ահմադ ալ-Ջաբր աս-Սահաբը փախուստի դիմեց և ապաստան գտավ Սաուդյան Արաբիայում: Օգոստոսի 8-ին Քուվեյթը բռնակցվեց Իրաքին և հայտարարվեց նրա 19-րդ նահանգ:
Արաբական երկրները թեև արդեն վարժվել էին Սադամ Հուսեյնի անկանխատեսելի քայլերին, այդուհանդերձ, նրա հարձակումն արաբական եղբայրական պետության վրա և վերջինիս բռնակցումը ցնցեցին ողջ արաբական աշխարհը: Իրաքի կողմից Քուվեյթի գրավումը ծանր հարված էր արաբների սպասումների, երազանքների և նրանց միասնության գաղափարի համար: Իրաքի համար Քուվեյթի գրավումն առանձին դժվարություն չէր ներկայացնում, քանի որ Իրաքն այդ պահին արաբական աշխարհում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում ամենամեծ բանակն ունեցող երկիրն էր: Ապավինելով իր հզոր ռազմական ուժերին՝ Սադամ Հուսեյնը փայփայում էր տարածաշրջանի գերտերությունը դառնալու հույսեր: Քուվեյթի գրավումը և բռնակցումը պետք է կարևոր քայլ դառնային այդ ցնորամիտ ծրագրի իրականացման ճանապարհին:
Իրաքը Քուվեյթի բռնակցումը փորձում էր արդարացնել պատմաիրավական մոտեցումով, ըստ որի՝ Քուվեյթն իբր թե պատմականորեն կազմել է Իրաքի տարածքի մի մասը, և երկու երկրներն օսմանյան ժամանակներում մտել են միևնույն վարչատարածքային միավորման մեջ: Իր ագրեսիան Քուվեյթի դեմ արդարացնելու համար Սադամ Հուսեյնը մեղադրում էր ոչ միայն Անգլիային և Ֆրանսիային, այլև Քուվեյթի իշխանություններին:
Իրաքի հարավային մասում՝ Հյուսիսային Ռումեյլայում, որը սահմանակից է Քուվեյթին, գտնվում են Իրաքի ամենահարուստ նավթավայրերը. Հուսեյնը մեղադրում էր Քուվեյթին, որ նա գաղտնի օգտվում է Հյուսիսային Ռումեյլայի իրաքյան նավթաշրջանից: Չբավարարվելով դրանով՝ Իրաքի նախագահը մեղադրում էր իր հարևանին այն բանում, որ վերջինս իր խաղն է խաղում նավթի համաշխարհային գների սահմանման մեջ և նավթի արտահանման համար սահմանված քվոտայի հարցերում, որի հետևանքով Իրաքը իբր միլիարդավոր դոլարների կորուստ է կրում: Շարունակելով պահանջներ ներկայացնել Քուվեյթին ֆինանսական հարցերում՝ Սադամ Հուսեյնը մեղադրում էր վերջինիս, որ նա բավարար չափով չի օգնել Իրաքին Իրանի հետ պատերազմի ժամանակ:
Իրաքի տնտեսական վիճակը իրանա-իրաքյան պատերազմից հետո ողբերգական էր: Շատ ծանր էր ֆինանսական դրությունը: Իրաքի պարտքերը, որոշ տվյալների համաձայն, աստղաբաշխական թիվ էին կազմում: Իրաքը հարկադրված էր արաբական և արևմտյան երկրներին վճարել արտաքին պարտքերը, որի հնարավորությունը նա գործնականում չուներ: Ու այս դեպքում Սադամը հույս ուներ իր առջև ծառացած լրջագույն տնտեսական և ֆինանսական հարցերը լուծել 3 ուղիով:
Առաջին՝ զավթել Քուվեյթի ազգային հարստությունը և դրանք ի սպաս դնել Իրաքի տնտեսական շահերին: Մասնավորապես ենթադրվում էր, օգտվելով հանկարծակիության պահից, սեփականացնել Քուվեյթի բանկերում պահվող դրամական միջոցները, որոնք, որոշ տվյալների համաձայն, կազմում էին մոտ 200 մլրդ ԱՄՆ դոլար:
Երկրորդ՝ տնօրինել արտասահմանյան բանկերում պահվող Քուվեյթի դրամական գումարները, և երրորդ՝ զավթել և իր հսկողությունը հաստատել Քուվեյթի նավթային բոլոր պաշարների վրա: Իհարկե, Իրաքին միայն մասամբ հաջողվեց իրականացնել իր ծրագրի առաջին կետը: Չհաջողվեց նաև տիրանալ արտասահմանյան բանկերում պահվող քուվեյթյան գումարներին: Իսկ ինչ վերաբերում է Քուվեյթի նավթի պաշարների տնօրինությանը, ապա դրանք, իրոք, անցան Իրաքի վերահսկողության տակ: Այդ ամենի արդյունքում Իրաքը մի որոշ ժամանակաշրջան հսկում էր նավթի համաշխարհային պաշարների մոտ 25%-ը:
Իրաքյան ագրեսիայից անմիջապես հետո՝ 1990 թ. օգոստոսի 10-ին, Կահիրեում գումարվեց արաբական երկրների ղեկավարների արտակարգ գագաթնաժողով՝ քննարկելու ստեղծված իրավիճակը և նրանց գրավելիք դիրքորոշումը: Եվ պարզվեց, որ այդ հարցում արաբական պետությունների միջև միասնություն չկա: Արտաքնապես նրանց միջև տարակարծություն չկար, քանի որ նրանցից և ոչ մեկը չէր արդարացնում Իրաքին, սակայն իրականում պատկերը բոլորովին այլ էր:
Արաբական պետությունների մի մասը, չարդարացնելով հանդերձ իրաքյան ագրեսիան, դեմ էր արտահայտվում Իրաքի նկատմամբ անհրաժեշտ ռազմական, տնտեսական և քաղաքական վճռական պատժամիջոցներ կիրառելուն: Դա ակնհայտորեն դրսևորվեց արաբական պետությունների ղեկավարների վերոնշյալ գագաթնաժողովին ներկայացված բանաձևի քննարկման ժամանակ, որն առաջարկում էր իրաքյան զորքերի դուրսբերում Քուվեյթի տարածքից, Քուվեյթի անկախության, գերիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնում:
Իրաքի ագրեսիան Քուվեյթի դեմ իր նշանակութամբ և հետևանքներով դուրս էր գալիս մերձավորարևելյան տարածաշրջանային հակամարտության շրջանակից և միջազգային հակամարտության իմաստ ձեռք բերում: Քուվեյթը գրավելու հենց նույն օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց 660-րդ բանաձևը, որով պահանջում էր Իրաքից անհապաղ զորքերը դուրս բերել Քուվեյթից, առաջին անգամ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ պետությունները՝ ԱՄՆ-ն, ԽՍՀՄ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Ֆրանսիան, միասնական դիրքորոշում դրսևորեցին ագրեսիայի հարցում: Իրաքը մերժեց կատարել ՄԱԿ-ի որոշումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհորդը մի քանի լրացուցիչ որոշումներ ընդունեց, որոնցով Իրաքը ենթարկվեց ցամաքային, ջրային, ապա նաև օդային շրջափակման: Սառեցվեցին նաև արտասահմանյան բանկերում գտնվող նրա արտարժութային պաշարների հաշիվները, դադարեցվեց բոլոր տեսակի զենքերի մատակարարումն Իրաքին, ԱՄՆ-ն և արևմտյան մյուս պետությունները սկսեցին իրենց ռազմական ուժերը կենտրոնացնել Պարսից ծոցի շրջանում: Դա էին պահանջում նաև արաբական որոշ երկրներ:
Ի պատասխան ԱՄՆ-ի ու արևմտյան պետությունների ձեռնարկած քայլերի՝ Սադամ Հուսեյնը հայտարարեց ջիհադ՝ սրբազան պատերազմ, թեև դա անհեթեթություն էր: Մի քանի ամիս անընդհատ ՄԱԿ-ը և նրա զանազան կառույցները, եվրոպական և ասիական տարբեր երկրներ հորդորում էին Իրաքին դուրս բերել իր զորքերը Քուվեյթից: Սակայն Հուսեյնը մնաց անդրդվելի՝ հարվածի տակ դնելով երկիրը, բնակչությանը պատճառելով անասելի տանջանքներ ու զրկանքներ: Այդ ընթացքում ձևավորվեց Քուվեյթի ազատագրության բազմազգ ուժերի կոալիցիան, որը գլխավորեց ԱՄՆ-ն:
1991 թ. հունվարի 17-ին ՄԱԿ-ի անդամ 30 երկրների կոալիցիոն ուժերն ԱՄՆ-ի գլխավորությամբ սկսեցին ռազմական գործողություններ Իրաքի դեմ՝ «Փոթորիկ անապատում» անվան տակ: Ռազմական գործողությունները տևեցին 42 օր: Իրաքը, չնայած տպավորիչ ռազմական ուժերին, չկարողացավ կազմակերպված և լուրջ դիմադրություն ցույց տալ կոալիցիոն ուժերին: Իրաքի պարտությունը կատարյալ էր, և մարշալ Սադամ Հուսեյնը 1991 թ. փետրվարի 28-ին հայտնեց, որ ընդունում է ՄԱԿ-ի բոլոր որոշումներն ու պայմանները: Նման խայտառակ պարտությունից հետո նա իր զորքերը դուրս բերեց Քուվեյթից: Քուվեյթյան պատերազմից հետո Իրաքը հայտնվեց քաղաքական մեկուսացման մեջ: Երկրի ներքաղաքական խնդիրներին ավելացան նաև արտաքին քաղաքական բարդ խնդիրները:
Add new comment