Ռուսաստանի հարձակումը մոտենում է գագաթնակետին, Ուկրաինան կարող է սկսել հակահարձակումը. Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտ
Արևելյան Ուկրաինայում ռուսական հարձակողական գործողությունների տեմպը դանդաղել է վերջին շաբաթներին, ինչը կարող է վկայել ռուսական զորքերի՝ գարնանային հարձակման ավարտին մոտենալու մասին։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) փորձագետների զեկույցին:
Նշվում է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ի Արևելյան խմբավորման խոսնակ Սերգեյ Չերևատին նախօրեին ասել էր, որ Ռուսաստանը չի կարողացել բավարար ուժեր հավաքել Դոնբասում սպասվող խոշոր հարձակման համար, և որ ռուսական ներկայիս հարձակումը չի կարելի անվանել խոշոր ռազմավարական գործողություն։ Ըստ նրա` ռուսական զորքերը չեն կարող ավարտել նույնիսկ Բախմուտի տակտիկական գրավումը։ Նրանք նաև զգալի դժվարություններ են ունենում ռազմաճակատի այլ հատվածներում օպերատիվ նշանակալի հաջողությունների հասնելու համար:
Ինստիտուտի փորձագետները նշում են, որ այսպիսով, հավանաբար, ռուսական զորքերի գարնանային հարձակումը մոտենում է գագաթնակետին։ Եթե 300.000 ռուս զինվորը չկարողացավ ապահովել վճռական հարձակողական առավելություն Ուկրաինայում, ապա դժվար թե հավելյալ ուժերի ավելացումը մոբիլիզացիայի հետագա փուլերում այս տարի հանգեցնի արմատապես այլ արդյունքի:
Զեկույցի համաձայն` դրա համար Ուկրաինան բոլոր հնարավորություններն ունի վերադարձնելու նախաձեռնությունը և հակահարձակում սկսելու ռազմաճակատի ներկայիս գծի կարևոր հատվածներում։
Add new comment