ՈՄԱ-ի հավաքները՝ կրկին ադրբեջանական կեղծիքների թիրախում
Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ տարածում են կեղծ և խեղաթյուրած տեղեկություններ՝ ներկայացնելով ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպության սովորական ուսումնական հավաքները որպես «ահաբեկչական գործունեություն»։
Իրականում՝ ՈՄԱ-ի հավաքները բաց և հրապարակային նախաձեռնություններ են։ Դրանք անցկացվում են ՀՀ տարածքում՝ Հայաստանի քաղաքացիների և կամավորների մասնակցությամբ։ Հավաքների հիմնական նպատակն է երիտասարդների և մեծահասակների ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ֆիզիկական պատրաստվածության բարձրացումը, առաջին բուժօգնության, կրակային պատրաստության հմտությունների ուսուցումը և արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելը։
Կեղծիքի ժանրից են այն պնդումները, թե Աթան գյուղում կամ այլուր «դիվերսիոն խմբեր» են պատրաստվում։ ՈՄԱ-ի ծրագրերում նման բովանդակություն երբեք չի եղել։ Ցանկացած մարդ, որ մասնակցել է կամ հետևել է այս հավաքներին, գիտի, որ դրանք բաց են, օրինական և ունեն բացահայտ կրթական ու պատրաստական բնույթ։
Ադրբեջանական քարոզչության փորձերը՝ այս հավաքները ներկայացնել որպես սպառնալիք իրենց անվտանգությանը, ոչ այլ ինչ են, քան ներքին լսարանին ուղղված վախի և թշնամանքի սերմանում և միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու հերթական փորձ։
Կարևոր է ընդգծել, որ այս ծրագրերը չեն ֆինանսավորվում պետության կողմից, այլ իրականանում են հասարակական միջոցներով։ Նրանց առնչել«ռազմական բազաների» կամ «հարձակողական ծրագրերի»՝ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։
Ուստի հարկ է արձանագրել, որ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները չունեն փաստական հիմք և ծառայում են բացառապես քարոզչական նպատակների։
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը
«Ադրբեջանի սահմանին անմիջականորեն մոտ, ըստ ամենայնի, ընթանում է դիվերսիոն գործունեության իրական պատրաստություն։ Իբր ռազմական-քաղաքական, բայց իրականում ահաբեկչական կազմակերպություն համարվող ՈՄԱ-ն Telegram-ում հայտարարել է ռազմական-ուսումնական հավաքների մասին։
Հատկանշական է, որ այն գտնվում է Լոռու մարզի Աթան գյուղում, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» տարածքում՝ հայերի կողմից «օկուպացված» Վերին Ոսկեպար (Յուխարի Ասկիպարա) գյուղի ուղղությամբ։ Այս երկու գյուղերի միջև ուղիղ գծով մոտ 14-16 կմ է։ Իսկ Աթանից մինչև Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզ ընդամենը 2-4 կմ։
Այս «ահաբեկչական» կազմակերպությունը ներկայանում է արդեն սահմանազատված տարածքի հատվածում։ Սա ոչ միայն հարցեր է առաջացնում, այլ նաև մտահոգություններ։ Դա վկայում է, որ կամ ահաբեկչական գործունեությունը, ծայրահեղական ուժերը, ռադիկալները Հայաստանում այնքան ուժեղ են, որ կառավարությունը չի կարողանում վերահսկել նրանց, կամ էլ պաշտոնական Երևանը դիտավորությամբ է աչք փակում սահմանին կատարվողի վրա։
Աթան գյուղում ռազմական հավաքներն ու լեռնային պատրաստությունը նախատեսված են օգոստոսի 15–24-ը։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ մասնակիցներին խոստանում են հրաձգային ու տակտիկական պատրաստություն, առաջին բուժօգնության դասընթացներ և արշավների կազմակերպում։ Բայց ցանցում հրապարակված կադրերը ցույց են տալիս այլ բան․ ՈՄԱ-ի կուրսանտները, իբր, մշակում են հետախուզա-դիվերսիոն խմբերի գործողություններ՝ ճանապարհների ականազերծում, գործողություններ դարանակալման ժամանակ, վիրավորների տարհանում և կրակի գծից նահանջ։ Սա հարցեր է առաջացնում ճամբարի իրական նպատակների վերաբերյալ։
Սա ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գծի ճշմարտացիությունը․ պաշտոնական Երևանը պետք է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարի, հրաժարվի իր տարածքային հավակնություններից և իրավական հիմքով ամրագրի դա։ Թեև դա լիովին չի երաշխավորում հետագա հավակնություններից զերծ մնալը, սակայն կլինի քայլ դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում։
Տարվա սկզբին Աթան գյուղում, ըստ նրանց, հայկական սփյուռքի միջոցներով կառուցվել է ՈՄԱ-ի հետ կապվող ռազմական բազա։ Բաց աղբյուրներից ստացված տվյալների համաձայն՝ այն ներառում է զորանոցներ, հրաձգարան և արգելագոտի։ Նման ենթակառուցվածք, իբր, ստեղծվել է նաև Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ ՈՄԱ-ն հայտարարում է, թե նպատակը տեղի բնակիչների ռազմական պատրաստվածության բարձրացումն է, սակայն ծրագրերում ներառված է նաև հրետանային կրակի ուսուցում, սակրավորական պատրաստություն և լեռնային ալպինիզմ»։
Add new comment