Աթս

ԱԹՍ-ների գրոհի ֆոնին «Աերոֆլոտը» փոխել է թռիչքների ժամանակացույցը

Ռուսաստանի մի շարք շրջաններում օդային տարածքի որոշ սահմանափակումների պատճառով «Աերոֆլոտը» փոխել է թռիչքների ժամանակացույցը։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերությունը։

Լենինգրադի մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն առավոտյան հայտնել էր, որ մարզի Կինգիսեպպի և Լուգայի շրջանների օդային տարածքներում ոչնչացվել է ավելի քան 10 ԱԹՍ։ Նրա խոսքով՝ տուժածներ կամ վնասներ չկան։ Սանկտ Պետերբուրգի, Կազանի, Նիժնեկամսկի և Պսկովի օդանավակայաններում սահմանվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ։

«Թռիչքների ժամանակացույցի փոփոխության պատճառը Ռուսաստանի կենտրոնական մասի մի շարք օդանավակայաններում, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում (Մոսկվայի ժամանակով 4:55-ից մինչև 7:50-ը) մտցված սահմանափակումներն են և Լենինգրադի մարզի մի շարք շրջաններում օդային տարածքի օգտագործման սահմանափակումները, որոնք ազդել են Կալինինգրադից և դեպի Կալինինգրադ թռիչքների համար օդային երթուղիների օգտագործման հնարավորության վրա»,- ասված է ավիաընկերության հաղորդագրությունում։

«Աերոֆլոտի» զանգերի կենտրոնը գործում է արտակարգ ռեժիմով, ավիաընկերության ներկայացուցիչները տեղում աշխատում են ուղևորների հետ։

Չեղարկված չվերթերի ուղևորներին առաջարկվում է հաջորդ հասանելի չվերթերի վերամրագրում կամ տոմսի գումարի վերադարձ։

Ավիաընկերությունը վստահեցնում է, որ թռիչքի սպասող ուղևորները սպասարկվում են Ռուսաստանի Դաշնության դաշնային ավիացիոն կանոնակարգերին ու ավիաընկերության չափորոշիչներին համապատասխան։

Add new comment