Այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է
Այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է: Ուղիղ 34 տարի առաջ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, բոլոր մակարդակների խորհուրդների (այն ժամանակ ձևավորվող ներկայացուցչական իշխանության մարմինների) պատգամավորների մասնակցությամբ, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը ընդունեց համապատասխան որոշումներ, ինչպես ասվում է՝ արտահայտելով ժողովրդի միասնական կամքը:
Հարկ է ընդգծել, որ ԼՂՀ հռչակումը տեղի է ունեցել այդ պահին գործող ինչպես ԽՍՀՄ օրենքների, այնպես էլ համընդունելի միջազգային նորմերի պահանջներին միանգամայն համապատասխան: Ամենից կարևորը՝ Արցախի հայությունը այդ կերպ, միջազգային նորմերին համապատասխան, իրացրեց ինքնորոշման իր անկապտելի իրավունքը՝ դուրս գալով ԽՍՀՄ կազմից:
Ու թեպետ Արցախը այսօր իր անկախության տարեդարձը չի նշում, ավելին օկուպացված ու հայաթափված էր Բաքվի ցեղասպան վարչախմբի կողմից, ավելի քան վստահ ենք, որ հայերի դարավոր հայրենիքը վաղ թե ուշ ազատ շունչ է քաշելու և կրկին իրավամբ կոչվի ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ։ Ու հայը նորից ոտք է դնելու իր պատմական հողը` որպես տանտեր, այլ ոչ թե հյուր։
Արցախի հարցը չի փակվել ու չի փակվի, քանի կան ավելի քան 100 հազար հայրենազրկված հայեր, քանի կա հավաքական հիշողություն, տուն վերադառնալու անհաղթահարելի կամք ու պայքարելու վճռականություն։
Շնորհավոր տոնդ, ամենահայկական Արցախ։
Add new comment