Սալահ ադ-Դինի գործունեության երեք կարևորագույն շրջանները 1169-1193 թթ.

Սալահ ադ-Դինի գործունեության երեք կարևորագույն շրջանները 1169-1193 թթ.

Սալահ ադ-Դինի գործունեության երեք կարևորագույն շրջանները 1169-1193 թթ.

Արաբական և եվրոպական պատմագրության մեջ այն տեսակետն է տիրապետում, որ 12-րդ դարում իսլամական աշխարհն ունեցել է 3 նշանավոր քաղաքական և ռազմական դեմք՝ Մոսուլի կառավարիչ, աթաբեկ Իմադ ադ-Դին Զանգին, նրա որդին՝ աթաբեկ Նուր ադ-Դինը, և Սալահ ադ-Դին ալ-Այյուբին: Սալահ ադ-Դինն անջնջելի հետք է թողել արաբների ու բոլոր մուսուլմանների պատմության մեջ՝ իր մեծությամբ գերազանցելով մյուս երկու գործիչներին:

Սալահ ադ-Դինը, լինելով խիզախ անձնավորություն, միաժամանակ գործում էր շատ հաշվենկատ և համբերատարությամբ, դիվանագիտությունը զուգակցելով քաղաքական համարձակ քայլերին և ռազմական գործողություններին: Այդ հատկանիշներին տիրապետելը հատկապես անհրաժեշտ էր նրա՝ իշխանության գլուխ գալու սկզբնական շրջանում, երբ նա դեռևս չէր ամրապնդել իր դիրքերը Եգիպտոսում:

Երբ 1171 թ. մահացավ Ֆաթիմյան վերջին խալիֆ Ալ-Ադիդը, Սալահ ադ-Դինը չթողեց, որ նրա փոխարեն որևէ մեկը գահ բարձրանա: Դա համարձակ քայլ էր նրա կողմից, որն ուղեկցվեց մեկ այլ համարձակ քայլով: Երկար դադարից հետո, առաջին անգամ նրա հրամանով Կահիրեի մզկիթում անցկացվող ուրբաթօրյա խուտբայում (աղոթք իսլամում - խմբ.) հիշատակվեց Աբբասյան խալիֆայի՝ Ալ-Մուսթադիի անունը: Դա նշանակում էր մի կողմից՝ Ֆաթիմյանների վերջնական տապալում և հեռացում քաղաքական ասպարեզից, մյուս կողմից՝ Եգիպտոսի վերադարձ սուննիզմին: Այս քայլով նա նվաճեց Աբբասյան խալիֆայի, բոլոր Աբբասյանների և սուննիների համակրանքն ու աջակցությունը: Խալիֆա Ալ-Մուսթադին ըստ արժանվույն գնահատեց Սալահ ադ-Դինի խիզախ քայլը և նրան ուղարկեց նրա աստիճանակարգին վայել թանկարժեք հագուստներ:

Սակայն Սալահ ադ-Դինը դեռևս շարունակում էր մնալ Նուր ադ-Դինի վասալը: Թեև դա ձևական բնույթ էր կրում, այդուհանդերձ, Սալահ ադ-Դինը հարկադրված էր հաշվի առնել այդ հանգամանքը և զգույշ լինել: Նա լավ էր հասկանում, որ հարաբերությունների սրումը Նուր ադ-Դինի հետ իրեն ձեռնտու չէր: Այդ պատճառով նա շարունակում էր Եգիպտոսում հավաքած հարկերի մի մասն ուղարկել Նուր ադ-Դինին, երբեմն իր զորքերով մասնակցել վերջինիս միջոցառումներին և այլն:

Բայց Նուր ադ-Դինն ինքը կասկածանքով էր վերաբերվում Սալահ ադ-Դինին, որի դիրքերի ամրապնդումը նրան անհանգստացնում էր: Հարաբերությունների հետագա սրումը և խզումը նրանց միջև կանխելու հարցում դրական դերակատարում ունեցավ Սալահ ադ-Դինի հայրը՝ Նաջմ ադ-Դին ալ-Այյուբին, որը երկար տարիներ ծառայել էր Նուր ադ-Դինի մոտ, և որին վերջինս շատ էր վստահում: Նրա հանձնարարությամբ Նաջմ ադ-Դինը գնաց Եգիպտոս, հանդիպեց որդուն և, ի վերջո, կարողացավ կանխել խզումը Սալահ ադ-Դինի և Նուր ադ-Դինի միջև:

Սակայն, ինչպես պարզվեց, դա ժամանակավոր բնույթ էր կրում: Նուր ադ-Դինը լրջորեն պատրաստվում էր հարձակվել Սալահ ադ-Դինի վրա և նրան զրկել իշխանությունից: Այդ ծրագիրը մնաց անկատար, քանի որ 1174 թ. Նուր ադ-Դինը մահացավ:

Նուր ադ-Դինի մահից հետո նոր իրավիճակ ստեղծվեց, որը բարենպաստ էր Սալահ ադ-Դինի համար, և նա չհապաղեց օգտվել դրանից: 1174 թ. նա Եգիպտոսը հայտարարեց անկախ: Այնուհետև Սալահ ադ-Դինն իր հայացքն ուղղեց դեպի Սիրիա: Նա կարողացավ Սիրիան, այսպես  ասած, ուղղակի խլել Նուր ադ-Դինի որդուց՝ 11-ամյա Իսմայիլից, և կցել իր տիրույթներին: Սալահ ադ-Դինի եղբայրը՝ Թուրան շահը, Այյուբիների տիրապետությունը հաստատեց Եմենում: Եգիպտոսին միացավ նաև Հիջազն իր երկու սուրբ քաղաքներով՝ Մեքքայով և Մադինայով:

Այսպիսով՝ Այյուբիների տիրապետության ներքո պատմության թատերաբեմի վրա հայտնվեց մի նոր, բավականին հզոր պետություն, որի կազմի մեջ մտնում էին Եգիպտոսը, Մաղրիբը, Նուբիան, Կենտրոնական Սիրիան Դամասկոս, Հալեպ և այլ քաղաքներով, Արևմտյան Արաբիան, Եմենը և Պաղեստինը:

1175 թ. Աբբասյան խալիֆան Սալահ ադ-Դինին տվեց համապատասխան հրովարտակագիր, որով նրան ճանաչում էր նշյալ տարածքների տիրակալ: Դա Սալահ ադ-Դինի քաղաքական կարևոր հաղթանակն էր:

Շարունակելով արաբական տարածքներն իր տիրապետության ներքո միավորելու քաղաքականությունը՝ Սալահ ադ-Դինը 1185 թ. գրավեց Մոսուլի էմիրությունը և Միջագետքի մեծ ու փոքր այլ իշխանապետությունները՝ դառնալով տարածաշրջանի ամենահզոր պետությունը:

 
Սակայն բոլորին չէ, որ դուր էին գալիս Սալահ ադ-Դինի հաջողությունները և հզորացումը: Նրա վտանգավոր հակառակորդների թվում էին ասսասինները, իսմայիլական ծայրահեղականները, որոնք դժգոհ էին, որ Սալահ ադ-Դինը տապալել էր նույնիսկ իսմայիլական Ֆաթիմյաններին և Եգիպտոսը վերադարձրել սուննիների ձեռքը: Եվ նրանք գործի դրեցին իրենց հիմնական զենքը՝ մահափորձի գործելակերպը, որի զոհն էին դարձել մուսուլման և քրիստոնյա մի շարք հայտնի գործիչներ: Նրանք երկու անգամ մահափորձ կատարեցին Սալահ ադ-Դինի դեմ, բայց անհաջող: 1176 թ. Սալահ ադ-Դինը վճռական գործողությունների դիմեց ասսասինների դեմ, պաշարեց լեռներում գտնվող Մասյադը, որը նրանց կենտրոնն էր, և որտեղ գտնվում էր նրանց առաջնորդ Ռաշիդ ադ-Դին Սինանը: Բայց վեճը լուծվեց հաշտությամբ: Ասսասինների առաջնորդը խոստացավ այլևս մահափորձ չկատարել Սալահ ադ-Դինի դեմ, իսկ վերջինս վերացրեց Մասյադի պաշարումը:

Սալահ ադ-Դինը սկսեց կրել «Ալ-Մալիք ան-Նասիր աս-սուլթան» տիտղոսը, որը նշանակում էր «հաղթական թագավոր, սուլթան»: Նա իր տիտղոսակարգի մեջ միացրեց թագավոր՝ «մալիք», և սուլթան տիտղոսները՝ դրանով ընդգծելով իր առանձնահատուկ կարգավիճակը և բոլորից իր բարձր լինելու հանգամանքը:
Մալիք ան-Նասիր աս-սուլթան Սալահ ադ-Դինը, իր տիրապետության ներքո միավորելով արաբական հիմնական երկրները, ամրապնդելով դիրքերն իր սուլթանության սահմաններում, որը նրա քաղաքական ճակատագրի համար հանգուցային նշանակություն ուներ, կարգավորելով իր հարաբերությունները վտանգավոր ասսասինների հետ, իր քաղաքականության հիմնական խնդիրները համարեց պայքարը խաչակիրների դեմ, մուսուլմանական գրավյալ տարածքների ազատագրումը և իր պետության հետագա հզորացումը: Եվ այս բնագավառում ևս նա հասավ փայլուն հաղթանակների:

Նրա լայնածավալ և երկարատև պայքարը ֆրանկների դեմ սկսվեց 1187 թ. և շարունակվեց մինչև նրա մահը: Հուլիսի 1-ին Սալահ ադ-Դինի զորքերը վեցօրյա պաշարումից հետո գրավեցին Տիբերիան, իսկ երեք օր անց՝ Հիթթինը: Հիթթինի մոտ տեղի ունեցած ճակատամարտը սուլթանի կարևոր հաղթանակներից մեկն էր: Գերի ընկավ խաչակիրների 20-հազարանոց բանակը՝ Երուսաղեմի թագավոր Գի Լուզինյանի գլխավորությամբ: Դա միանգամից վատթարացրեց խաչակիրների վիճակը և դուռ բացեց Երուսաղեմի առջև: 1187 թ. հոկտեմբերի 2-ին Երուսաղեմն անձնատուր եղավ Սալահ ադ-Դինին: Դա նշանակում էր Երուսաղեմի կամ Լատինների թագավորության կործանում, որը ցնցեց խաչակիրներին և բարոյալքեց նրանց:

Երուսաղեմի անկումից հետո Սալահ ադ-Դինն առանց դժվարությունների գրավեց Սիրիայում և Պաղեստինում խաչակիրների տիրապետության տակ գտնվող բազմաթիվ բնակավայրեր, երկու տարվա ընթացքում ազատագրեց Լաթաքիան, Ջաբալահը, Ալ-Կարակը, Շաքիֆ Արնունը, Սաֆադը և բազմաթիվ այլ քաղաքներ ու գյուղեր:
Երուսաղեմի անկումը խթանեց խաչակիրների երրորդ արշավանքը 1189-1192 թթ., որը գլխավորեցին Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսը, Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ Ավգուստը և Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտը: Բայց նրանցից ոչ բոլորը հասան Արևելք: Ճանապարհին՝ Կիլիկիայում, գետն անցնելիս խեղդվեց գերմանական կայսրը, և նրա հետ արշավանքի դուրս եկած գերմանական ասպետների մեծ մասը վերադարձավ Գերմանիա:
Հասնելով Պաղեստին՝ խաչակիրներն իրենց գլխավոր խնդիրը համարեցին Ակրի գրավումը, որը, ինչպես նրանք հավատացած էին, ուղի կհարթեր դեպի Երուսաղեմ: Նրանք կարողացան շրջապատել այն՝ մարտեր մղելով ծովում և ցամաքում։

Ֆրանկների գրոհն առաջնորդեց Գի Լուզինյանը, որին գերությունից բաց էր թողել Սալահ ադ-Դինը՝ ստանալով թագավորի երդումն առ այն, որ նա երբեք իր կյանքում զենք չի բարձրացնի սուլթանի դեմ: Սակայն նա դրժեց իր թագավորական երդումը:
Ակրի պաշարման լուրը լսելով՝ Սալահ ադ-Դինն օգնության շտապեց իր պաշարված կայազորին, որը հերոսաբար հետ էր մղում խաչակիրների գրոհները: Պատերազմն Ակրի համար տևեց մոտ երկու տարի: Սալահ ադ-Դինն օգնություն խնդրեց խալիֆայից, բայց ոչինչ չստացավ: Ստեղծված պայմաններում Ակրի կայազորը 1191 թ. հուլիսի 12-ին հարկադրված անձնատուր եղավ:

Այս հակամարտությունն ունեցավ շատ հետաքրքիր վերջաբան: Անգլիացի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտն առաջարկեց քրոջը կնության տալ Սալահ ադ-Դինի եղբորը՝ Մալիք ալ-Ադրիլին: Միաժամանակ նա առաջարկեց նորապսակներին որպես հարսանեկան նվեր տալ Երուսաղեմը և այդ կերպ վերացնել հակամարտությունը քրիստոնյաների ու մուսուլմանների միջև: Նրա այդ առաջարկությունն ընդունվեց, և 1192 թ. մայիսի 29-ին նրանք ամուսնացան:

 Նոյեմբերի 2-ին ստորագրվեց հաշտության պայմանագիրը: Կողմերը համաձայնության եկան, որ առափնյա մասերն անցնում են խաչակիրներին, իսկ ներքին, ցամաքային մասերը՝ մուսուլմաններին: Սուրբ քաղաք՝ Երուսաղեմ ուխտագնացության եկողների առջև չպետք է ստեղծվեին խոչընդոտներ:
Դա եղավ Սալահ ադ-Դինի վերջին ծառայությունը մուսուլմաններին: Նա հիվանդացավ և 1193 թ. նոյեմբերի 19-ին մահացավ Դամասկոսում, որտեղ էլ թաղված է:

 

Add new comment