ՔՊ վարչության արտահերթ նիստում քննել են Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի կոնֆլիկտը. ԶԼՄ
Երեկ` ուշ երեկոյան, ՔՊ վարչությունը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արտահերթ նիստ է արել, որի թեման եղել է լրատվամիջոցներին ուղարկված անանուն նամակը։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» թերթը։
«ՔՊ վերնախավը որոշել է քննել Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի կոնֆլիկտը»,– գրում է թերթը` նշելով, որ Սարգսյանը դեռ ամիսներ առաջ էր վարչություն դիմում ներկայացրել` Սիմոնյանի դեմ, սակայն նիստի օրը երկրում չլինելու պատճառաբանությամբ, չէր մասնակցել քննարկմանը, և դիմումը մնացել էր առանց քննության։
Ըստ պարբերականի` երեկ տարածված նամակից հետո ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Սարգսյանն է, և կանչել են գորգի վրա։
«Սարգսյանն իր դիմումում նշել էր, որ ԱԺ նախագահը կոռուպցիոն կապի մեջ է բուքմեյքերական ընկերություններից մեկի հետ, դրանով է պայմանավորված իր նախագծի դեմ հակընդդեմ տեսակետը: Վարչությունում երեկ լսել են կողմերին և եզրակացրել, որ Հայկ Սարգսյանի պնդումները հիմնավորված չեն, ուստի Սիմոնյանին կարգապահական տույժի չեն ենթարկել։ Սա չի նշանակում, որ հարցը փակվել է, և կողմերը հաշտություն են կնքել»,– գրում է թերթը։
Ըստ պարբերականի` ՔՊ-ն ու իր առաջնորդը համոզված են, որ ժողովուրդն իրենց ներել է 2020 թ․ պատերազմն ու պարտությունը, ուստի այս փուլում իրենք 2 խնդիր ունեն` հանրությանը համոզել, որ խաղաղություն են բերում/բերել և թիմի առողջացման քայլեր անել` կոռումպացվածներին, վարկաբեկվածներին, արագ հարստացածներին հեռացնել իրենց շարքերից:
«ՔՊ-ում կարծում են, որ առողջացման գործընթացը, ըստ էության, մեկնարկել է, և Հայկ Սարգսյանին` Շիշ բռնողին, պատժելն էլ դրա շրջանակում է իրականացվում։ Պատմում են, որ պարբերաբար վարչապետին են փոխանցել Սարգսյանի շփումների, պահվածքի, 180 հազարանոց ավտոմեքենա գնելու և այլ տեղեկություններ, սակայն նա աչք է փակել դրանց վրա։ Ասում են՝ Սարգսյանի պատճառով անգամ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանն է Փաշինյանից նկատողություն ստացել, քանի որ ավտոմեքենայի համար օպերատիվ պետհամարանիշներ է տվել»,– նշում է թերթը:
Ըստ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՔՊ փակ նիստ է հրավիրել՝ թույլ չտալով անգամ համալիրի աշխատակիցներին, ներս մտնել ու բնականոն աշխատել։ Վաղն էլ, նույն տեղում, մամուլի ասուլիս է կազմակերպել։ Տեսնես՝ այս անգամ ի՞նչ հսկողություն է լինելու։
Հատկանշական է, որ վարչապետ Փաշինյանի անվտանգությունն ապահովում է ՊՎԾ-ն։ Այսօր մարզահամերգայինի ամեն անկյունում կոստյումով «հսկիչներ» էին, ըստ ամենայնի, կրկին ՊՎԾ աշխատակազմից, իսկ համալիրի բակը լի էր ՔՊ-ականնների սև մեքենաներով ու «գոլդ» համարներով։ Թերևս, սա ոչ առաջին ու գուցե ոչ էլ վերջին դեպքն է, երբ պետական կառույցն օգտագործվում է մասնավոր նպատակներով. հիշենք ամիսներ առաջ այնտեղ տեղի ունեցած հարսանիքն ու դրա շուրջ բարձրացած աղմուկը:
Add new comment