ՊՆ-ն մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից․ Պապիկյան
ՀՀ ՊՆ-ն մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, մի շարք ուղղություններով համակարգված օժանդակություն է ցուցաբերում նաև Հունաստանը։
Այս մասին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այս փուլում այդ ուղղության առաջնային ջանքերը կենտրոնացվել են նոր մոդելով և չափորոշիչներով ռազմավարական փաստաթղթերի մշակման, Զինված ուժերի կառուցվածքի և կառավարման համակարգի արդիականացման, կրթական և ուսումնավարժական կարողությունների զարգացման և այլ ուղղությունների վրա»,- ասաց Պապիկյանը։
ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով՝ մեծ ներդրումներ են իրականացվում նաև ՀՀ ԶՈւ-ն արդիական սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրելու ուղղությամբ։ Ըստ նրա՝ դա հնարավոր է դարձել ձեռքբերումների շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության քաղաքականության արդյունքում։
«ԶՈւ-ի կերպափոխումը և ժամանակակից չափորոշիչների ներդրումն իրականացվում են ոչ միայն արդիական զինված ուժեր ունենալու, այլև գործընկեր երկրների զինված ուժերի հետ փոխգործակցության մակարդակի հասնելու նպատակով»,- հավելեց Պապիկյանը։
Add new comment