Իսլամ և իման

Իսլամ և իման

Իսլամ և իման

Հավատի հիմնասյուներ. հավատը՝ իման (ամանա՝ հավատալ բայից), մուսուլմանական կրոնի անբաժան մասն է: 8-րդ դարից սկսած՝ հավատ հասկացությունը դառնում է տարբեր աստվածաբանների և կրոնական-իրավական դպրոցների միջև բանավեճերի առարկա: Վեճերը վերաբերում էին հավատի էությանն ու նրա բաղադրիչներին: Դոգմատիկ ամենավաղ դպրոցներից մեկի հետևորդները՝ մուրջիիները, հավատը համարում էին Ալլահի ճշմարտացիության վկայությունը, նրանց դեմ էին խարիջիները, մութազիլիականները, նրանք էլ դիտում էին հավատը՝ որպես կրոնական պարտականությունների իրականացում: Այլ բացատրությամբ էին հանդես գալիս հանբալիական մազհաբի հետևորդները: Վերջիններս նշում էին, որ հավատացյալի բոլոր գործողությունները պետք է համաձայնեցված լինեն Սուննայի հետ:

Ղուրանի և Սուննայի տեքստերը ցույց են տալիս, որ հավատը հիմնվում է 6 սյուների վրա.

1. Առաջին հիմնասյունը՝ հավատը դեպի Ալլահը, ամենակարևորն է: Հավատը դեպի Ալլահը հավատն է առ այն, որ Ալլահը միակ աստվածն է, միակը, որ արժանի է երկրպագության, և միակը, որ ունի աստվածային անուններ ու արժանիքներ: Այս  հիմնական համոզմունքների վրա էլ հիմնվում է հավատն Ալլահի նկատմամբ:

2. Հաջորդը հավատն է հրեշտակների նկատմամբ: Ղուրանում ու Սուննայում շատ են տեքստերը, որոնցում տրվում է հրեշտակների նկարագիրը, նրանք հզոր են, ուժեղ, բավական մեծ չափսերի են, արարված են լույսից, նաև գեղեցիկ են, ինչպես նշվում է հենց Ջիբրիլ հրեշտակի նկարագրության մեջ: Հավատը հրեշտակների նկատմամբ պարտադիր պայման է հավատացյալ համարվելու համար, քանի որ հենց Ալլահն է նշել, որ հրեշտակների նկատմամբ հավատը մարգարեին ուղղված հայտնություններից մեկն է: Պետք է հավատալ նրանց գոյությանը, նրանց անհամեմատ մեծ քանակին, նրանց բարձր դիրքին Ալլահի առաջ, միաժամանակ նրանք բոլորը հավասար չեն, մի քանիսը գերազանցում են մյուսներին: Պետք է իմանալ նաև, որ հրեշտակները միայն աստծո արարածներն են և իրենց սեփական կամքը չունեն, նրանք գործում են միայն Ալլահի խոսքով:

3. Երրորդը հավատն է հայտնությունների նկատմամբ: Մարգարեները ստանում են հայտնություններ Ալլահի կողմից տարբեր ձևերով: Այս հիմնասյան կիրառման համար պետք է հավատալ, որ սուրբ գրություններն ուղարկվել են Ալլահի կողմից և նրա խոսքերն են, հավատալ, որ բոլոր գրությունները հանգեցրել են միայն բարօրության և ճիշտ ղեկավարման: Պետք  է հավատալ, որ Ալլահի կողմից ուղարկված բոլոր հայտնությունները ճշմարիտ են, և նրանց միջև հակասություններ չկան:

4. Մարգարեներին հավատալու համար պետք է  ամուր համոզմունք ունենալ, որ Ալլահը յուրաքանչյուր ազգին ուղարկել է իր մարգարեին, որը կոչ է արել հավատալ միայն մեկ աստծո: Մուսուլմանները պարտավոր են հավատալ, որ աստծո մարգարեները եղել են մարդիկ և հասարակ արարածներ: Նրանք չունեին աստվածային հատկանիշներ և եղել են միայն ծառաներ, որոնց Ալլահը տվել է մարգարեական առաքելությունը:

5. Հինգերորդը հավատն է Ահեղ դատաստանի նկատմամբ: Այն կապված է մի քանի հարցերի հետ. հավատ, որ մեղք գործածները դաժան պատիժներ են կրելու, հավատ Մունքար և Նաքիր հրեշտակների նկատմամբ, որոնք հարցաքննում են մահացածներին, հավատ, որ մահացածների հոգիները վերադառնում են իրենց մարմինները, պարտադիր է հավատալ, որ դրախտը և դժոխքը գոյություն ունեն:

6. Վերջինը հավատն է կանխորոշման ու ճակատագրի նկատմամբ: Աստվածաբանները հստակ տարբերակում են դնում այս երկու հասկացությունների միջև: Կանխորոշումն աստվածային նախասահմանումն է այն ամենի, ինչը պետք է լինի: Երբ այն տեղի է ունենում, արդեն կոչվում է ճակատագիր: Երբ ծառան՝ հավատացյալը, հասկանում է, որ ամեն ինչ տեղի է ունենում Ալլահի կանխորոշմամբ, նա հոգեկան հանգստություն է ձեռք բերում: Երբ հնարավոր չի լինում հասնել ցանկացածին, մուսուլմանը չի հուսահատվում, քանի որ հավատում է, որ ամեն ինչ կատարվում է Ալլահի կանխորոշմամբ:

Իսլամի հիմնասյուներ. իսլամի դավանաբանական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում 5 հիմնասյուները։

1. Աշ-Շահադա (վկայություն), որ չկա ուրիշ աստվածություն, որն արժանի է խոնարհման՝ բացի Ալլահից, և որ Մուհամմադը նրա առաքյալն է (Լա իլահ իլլա-լլահ ուա Մուհամմադ ռասուլու-լ-լահ): Վկայության իմաստը գիտակցման մեջ է, որն ամրագրվում է արտասանության միջոցով, որ Ալլահը միակ և իրական երկրպագության օբյեկտն է։ Նա չունի ընկերակիցներ և գործընկերներ, իսկ Մուհամմադը նրա ստրուկն է և առաքյալը, որի առաքելությունն Ալլահի խոսքը մարդկությանը փոխանցելն է։ Այս երկու վկայությունները  հիմք են ծառայում, որպեսզի բարի արարքներն ընդունվեն Ալլահի կողմից։ Մարդուց չի ընդունվի իսլամը և ոչ մի ուրիշ բարի գործ, եթե նա չնվիրաբերի իր հավատքը միայն Ալլահին և չհետևի նրա մարգարեին։ Եթե մուսուլմանը խոնարհվում է միայն Ալլահին և զերծ է պահում իր հավատքը պաշտամունքի այլ օբյեկտներից, ապա այդ դեպքում իրագործում է վկայությունն այն մասին, որ «Չկա ուրիշ աստվածություն, որն արժանի է խոնարհման, բացի Ալլահից»: Երբ նա հնազանդվում է մարգարեին, ապա դրանով կյանքի է կոչում այն վկայությունը, որ «Մուհամմադն Ալլահի առաքյալն է»:

2. Աս-Սալաթ (աղոթք): Աս-Սալաթը պաշտամունքի հատուկ ձև է, որը պետք է կատարվի համաձայն այն բանի, թե ինչպես է սովորեցրել Մուհամմադը, այսինքն՝  որոշակի ժամին և խիստ հստակեցված ձևով։ Իսլամը կարգադրում է կատարել 5 պարտադիր աղոթք, որի մի մասը կատարվում է օրվա լուսավոր ժամերին, իսկ մյուս մասը՝ մութ։ Աղոթքի անվանումներն են՝ Ալ-Ֆաջր (առավոտյան աղոթք), Ազ-Զուհր (կեսօրի աղոթք), Ալ-Ասր (երեկոյան աղոթք), Ալ-Մաղրիբ (մայրամուտի աղոթք), Ալ-Իշա (գիշերային աղոթք): Աղոթքը մարդու սրտի մաքրման, հանգստության, գիտակցության ուժեղացման, մարմնի սթափվելու և ալարկոտության վերացման պատճառ է։ Աղոթքը վահան է, որը պաշտպանում է իր տիրոջը մեղքերից և անպատկառությունից, այն նաև մուսուլմանների միավորման պատճառ է։ Բայց, ամենակարևորը, աղոթքի միջոցով ստրուկը միշտ կապ է պահպանում իր Տիրոջ՝ Ամենաբարձրյալ Ալլահի հետ։ Աղոթքը կարող է կատարվել ցանկացած ծիսական մաքուր վայրում, սակայն ուրբաթ օրվա Ազ-Զուհրը նախընտրելի է անցկացնել մզկիթում ուրիշ մուսուլմանների հետ միասին։

 3. Ազ-Զաքաթի վճարում (պարտադիր նվիրաբերությունը): Ալլահին խոնարհվելու այս տեսակը կատարվում է ունեցվածքի մի մասի պարտադիր նվիրաբերմամբ այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն։ Իսլամը հստակեցնում է այն մարդկանց տեսակը, որոնց կարելի է զաքաթ տալ։ Մուսուլմանը պետք է իր ունեցվածքի շատ փոքր մասը, որը սահմանված է շարիաթով, բաժանի այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն՝ աղքատներին, հաշմանդամներին։ Զաքաթի վճարման արդյունքում մարդն ազատվում է հոգու ագահությունից, եսասիրությունից, նախանձից և օգնում է այլ մուսուլմաններին։

4. Աս-Սաում (պահք Ռամադան ամսին): Ռամադան ամսվա ցերեկային ժամերին մուսուլմանին արգելվում է խմիչքի և սննդի ընդունումը, ինչպես նաև սեռական կապի մեջ մտնելը, ծխելը, թղթախաղ խաղալը։ Պահքը պետք է պահվի լուսաբացից մինչև մայրամուտ։ Այն պետք է շարունակվի ամբողջ Ռամադանի ընթացքում։ Պահք թույլատրվում է չպահել հղի կանանց, հիվանդ մարդկանց և զինծառայողներին: Սաումը մաքրում է մուսուլմանի սիրտը, դաստիարակում է հոգին, հետ է վարժեցնում մանրուքների հանդեպ կարիքից, սովորեցնում է դիմանալ զրկանքներին և դժվարություններին, թողնել երկրային բարիքների հանդեպ կապվածությունը հանուն Ալլահի գոհունակության։ Պահքը սովորեցնում է ազնիվ լինել և զգալ, որ Ալլահը միշտ հետևում է մարդուն։ Այն ուժեղացնում է մարդու հոգու ներուժը, ինպես նաև մարդու առողջությունը։ Պահքը տևում է 30 օր, իսկ Ռամադանից հետո սկսվում է պահքի ավարտին նվիրված 3-օրյա տոնը (իդ ալ-ֆիթր)։

5. Ալ-Հաջի կատարում (ուխտագնացություն) դեպի Մեքքա: Ցանկացած մուսուլման կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ պետք է կատարի հաջ դեպի Ալլահի Տուն, եթե նա այդ հնարավորությունն ունի։ Գոյություն ունեն ուխտագնացության մի քանի տեսակներ. պարտադիր՝ Հաջջ ալ-իֆրադ, Ումրա (փոքր հաջ), Հաջջ աթ-թամաթուա, կամ բոլոր այս տեսակների համատեղումը՝ հաջջ ալ-կիրան։

Ուխտավորների հատուկ հագուստը կոչվում է իհրամ։ Իհրամը հագնում են հատուկ հատկացված տարածքում՝ Մեքքայի մոտակայքում։ Այդ տարածքը գտնվում է Քաաբայից որոշակի հեռավորության վրա։ Եթե ուխտավորն ուխտագնացությունը կատարում է ինքնաթիռով, ապա նա հագնում է իհրամը մինչև թռիչքը։ Իսլամի համաձայն՝ Հաջ կատարելու պատմությունը սկսվում է Ադամից և Խևայից (Եվա), երբ նրանք, վտարվելով դրախտից, կանգնեցին Արաֆաթ լեռան վրա։ Արարողության մյուս մասը կապվում է Իբրահիմի (Աբրահամ) զոհաբերության արարողության հետ, երբ Իբրահիմն Ալլահի կամոք կատարեց կենդանու զոհաբերությունը։ Զոհաբերության  տոնը կատարվում է Զու-լ-Հաջ ամսվա 10-րդ օրը և կոչվում է Այդ ալ-Ադհա (թուրքերեն՝ Կուրբան բայրամ)։ Հաջը տալիս է շատ օգտակար պտուղներ ինչպես այս կյանքում, այնպես էլ հաջորդում։ Հաջի ընթացքում ամբողջ աշխարհից մուսուլմանները հանդիպում են, ծանոթանում միմյանց հետ, միասնական դառնում։ Հաջը նաև ջիհադի տեսակներից մեկն է։

 

Add new comment