ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել ԻՀՊԿ-ի հետ կապված օբյեկտների՝ ի պատասխան ենթադրյալ իրանական ԱԹՍ-ի հարձակման

ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել ԻՀՊԿ-ի հետ կապված օբյեկտների՝ ի պատասխան ենթադրյալ իրանական ԱԹՍ-ի հարձակման

Ենթադրյալ իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սիրիայում կոալիցիայի ռազմաբազայում գտնվող տեխնիկական սպասարկման օբյեկտին, որի հետևանքով զոհվել է ամերիկացի 1 կապալառու: Բացի դրանից՝ վիրավորվել են ամերիկացի 1 կապալառու և 5 զինվորական: Ի պատասխան՝ ամերիկյան կողմն ավիահարվածներ է հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: Այս մասին տեղեկանում ենք Պենտագոնի տարածած հաղորդագրությունից:

Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասակա քաղաքից ոչ հեռու, մարտի 23-ին՝ տեղի ժամանակով ժամը 13:38-ին:

Ըստ ամերիկյան հետախուզության՝ ԱԹՍ-ն իրանական ծագում ուներ:

«ԱՄՆ նախագահ Բայդենի հրահանգով ես լիազորել եմ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերին ճշգրիտ ավիահարվածներ հասցնել Սիրիայի արևելքում գտնվող օբյեկտներին, որոնք օգտագործվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված խմբերի կողմից: Ավիահարվածներն իրականացվել են՝ ի պատասխան ԻՀՊԿ-ի հետ կապված խմբերի կողմից Սիրիայում կոալիցիայի ուժերի դեմ այսօր կատարված հարձակման, ինչպես նաև վերջին մի շարք այլ հարձակումների»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Հաղորդագրությունում նշված է, որ ԱՄՆ-ն համաչափ և կանխամտածված գործողություններ է ձեռնարկել՝ նպատակ ունենալով սահմանափակելու էսկալացիայի ռիսկը և նվազագույնի հասցնելու զոհերի թիվը:

Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ Վաշինգտոնը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, և որ ամերիկյան զորքերի վրա ոչ մի հարձակում անպատիժ չի մնա:

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ վիրավորված զինծառայողներից երկուսին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, մյուսներին տեղափոխել են կոալիցիայի՝ Իրաքում գտնվող բուժհաստատություններ:

 

Add new comment