Իրական առաջընթաց չենք տեսնում. «Ակոսի» խմբագիրը` հայ–թուրքական հարաբերությունների մասին
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փորձը վերջին տարիներին իրական առաջընթացի չհանգեցրեց։ Ավելին՝ գործընթացը, չնայած բանակցություններին, խորհրդանշական քայլերին և սահմանների բացման աշխատանքներ սկսելու մասին հայտարարություններին, լճացել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ըստ նախատեսվածի։ Նա նաև նշել էր, որ Հայաստանին և Ադրբեջանին բազմիցս դրդել է խաղաղության, և իր համար «ուրախալի է հետևել օգոստոսի 8-ին ձեռնարկված քայլերին»:
«Մենք իրական առաջընթաց չենք տեսնում։ Շոշափելի տեղաշարժեր չկան։ Ամեն ինչ մնում է հայտարարությունների և առանձին ժեստերի մակարդակում։ Ուստի չենք կարծում, որ երկկողմ հարաբերություններում առաջիկա տարիներին պետք է բեկում ակնկալել», - նշեց Էստուկյանը։
Նրա խոսքով՝ երկխոսությունն առաջ տանելու համար հայկական կողմն արել է հնարավոր ամեն ինչ, և մյուս կողմին հաճոյանալու համար այլևս զիջելու ոչինչ չունի: Նա վստահ է՝ հիմա քաղաքական կամք դրսևորելու հերթը Թուրքիայինն է։
Էստուկյանը կարծում է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է ոչ միայն Հայաստանին, այլև հենց իրեն՝ Թուրքիային։ Անկարայում ևս գիտակցում են, որ ցանկացած քաղաքակիրթ հասարակության համար անթույլատրելի է հարևանների հետ հարաբերություններ չունենալը, և դա, ի վերջո, ամոթալի է։
Ընդ որում, Ադրբեջանից տնտեսական կախվածության պատճառով Թուրքիան այսօր զրկված է գործողությունների ազատությունից։ Մեր զրուցակիցը Բաքվին համարում է հայ-թուրքական կարգավորումը զսպող առանցքային գործոն:
«Ադրբեջանը կոշտ և թշնամական դիրքորոշում է որդեգրել Հայաստանի նկատմամբ, իսկ Թուրքիան տնտեսապես լուրջ կախված է այդ երկրից, մասնավորապես SOCAR ընկերության (Ադրբեջանի պետական նավթագազային ընկերություն-խմբ.) ներդրումների պատճառով», ասաց Էստուկյանը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:
Add new comment